ԱՄՆ սենատորներ Փիթեր Ուելչը, Թոմ Թիլիսիը և Թիմ Քեյնին Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը կապել երկրում պահվող քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հետ։ Սենատորները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում նշել են, որ Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա։ Այս մասին հայտնել է սենատոր Ուելչի գրասենյակը։
Սենատորները նշել են, որ աջակցում են Թրամփի վարչակազմի՝ տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին, սակայն կարծում են, որ այդ մարդկանց ազատ արձակումը պետք է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման պայմաններից լինի։ Ըստ նրանց՝ խոսքը հիմնականում ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է, որոնք Ադրբեջանում ազատազրկվել են տարբեր քրեական գործերով:
Սենատորները որպես օրինակ բերել են Բելառուսի հետ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որի դեպքում Վաշինգտոնը, նրանց խոսքով, աշխատել է քաղաքական բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։







