ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը Իրկուտսկի շրջանում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է ժանտախտի հնարավոր վտանգի մասին և նրանց կոչ արել հնարավորինս արագ լքել երկիրը։ Դիվանագետները նշել են, որ հետևում են Իրկուտսկում թոքային ժանտախտի հնարավոր դեպքի, մեկ մարդու մահվան և կարանտինային միջոցառումների մասին հաղորդումներին։
Իրկուտսկում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հետևել տեղի բժիշկների ցուցումներին, չայցելել հնարավոր վարակման հետ կապված հիվանդանոցներ և ջերմության կամ շնչառական խնդիրների առաջացման դեպքում դիմել բժշկական օգնության։ Դիվանագետները նաև խորհուրդ են տվել հնարավոր բռնկման գոտի այցելելուց հետո 14 օրվա ընթացքում հետևել առողջական վիճակին։
Միաժամանակ ամերիկյան կողմը քաղաքացիներին հորդորել է նախապես մշակել Ռուսաստանից արտակարգ իրավիճակում հեռանալու ծրագիր՝ առանց Վաշինգտոնի օգնության վրա հույս դնելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին՝ մարզում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, ռուսական աղբյուրները նշում են, որ Իրկուտսկում արձանագրված դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները դեռևս չեն հաստատում ժանտախտի առկայությունը։ Հոկտեմբերի 5-ին վարակիչ հիվանդությունների մասնագետ Գեորգի Վիկուլովը «НСН» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Իրկուտսկում ժանտախտով վարակման հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Նրա խոսքով՝ ժանտախտի մասին վարկածը շրջանառվել է, քանի որ հիվանդացած կինը աշխատում էր հակաժանտախտային ինստիտուտում։







