08-10-2026 / 12:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է թաքնված Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածության հետևում․ OC Media

2026/10/08 11:00
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Տեսակետ

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունները վկայում են երկու երկրների միջև առկա ավելի խորքային խնդիրների մասին։ Դրանք կապված են Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակումների, Բաքվի՝ Իսրայելի հետ հարաբերությունների, 2020 թվականի պատերազմի վերաբերյալ հակասական հայտարարությունների, ինչպես նաև տարածաշրջանում երկու պետությունների քաղաքական հավակնությունների հետ։

Այս մասին ասվում է հոկտեմբերի 7-ին OC Media անկախ լրատվական հարթակում հրապարակված՝ Նեյթ Օսթիլերի և Ռաֆիգ Շահբազովի հեղինակած «Ի՞նչ է կանգնած Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների հետևում» վերլուծական հոդվածում։

Հեղինակները նշում են, որ թեև Թուրքիան տասնամյակներ շարունակ եղել է Ադրբեջանի ամենակարևոր ռազմավարական դաշնակիցը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Անկարայի և Բաքվի հարաբերություններում առկա են տարաձայնություններ, որոնք առնչվում են նաև երկու երկրների միջև ուժերի անհավասար հարաբերակցությանը։

Ադրբեջանում գլխաշորի սահմանափակումները՝ լարվածության պատճառ

Ըստ OC Media-ի՝ վերջին տարաձայնությունների անմիջական պատճառներից մեկը Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու նկատմամբ կիրառվող սահմանափակումներն են։

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ուսումնական հաստատություններում հիջաբի սահմանափակումները՝ դրանք որակելով կանանց հիմնարար իրավունքների խախտում։ Թեև Էրդողանն ուղղակիորեն չէր հիշատակել Ադրբեջանին, նրա հայտարարությունը շատերի կողմից ընկալվել էր որպես Բաքվին ուղղված քննադատություն։

Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները ևս քննադատել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցեր են անցկացրել կրոնական կազմակերպությունները՝ պահանջելով վերացնել սահմանափակումները։

Հրապարակման համաձայն՝ ցույցերի ընթացքում որոշ ելույթ ունեցողներ կասկածի տակ են դրել նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի «եղբայրական հարաբերությունների» մասին ընդունված պատկերացումները։

Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները՝ տարաձայնությունների մեկ այլ աղբյուր

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցությունը դարձել է Թուրքիայի հետ տարաձայնությունների կարևոր պատճառներից մեկը, հատկապես Գազայում պատերազմի մեկնարկից հետո։

Իսրայելը Ադրբեջանի համար ռազմական տեխնիկայի և սպառազինության կարևոր մատակարար է, մինչդեռ Ադրբեջանը Իսրայելին էներգակիրներ մատակարարող հիմնական երկրներից է։

Թուրքիայում կրոնական կազմակերպությունները քննադատում են Բաքվին Իսրայելի հետ ռազմավարական համագործակցությունը շարունակելու համար։

Լարվածության առիթ է դարձել նաև այն հանգամանքը, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր դահլիճում, մինչդեռ բազմաթիվ այլ պատվիրակություններ լքել էին այն՝ ի նշան բողոքի։

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանը միաժամանակ փորձել է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Մասնավորապես, 2025 թվականին Բաքուն հյուրընկալել էր թուրք և իսրայելցի պաշտոնյաների բանակցությունները՝ Սիրիայի շուրջ տարաձայնությունների կարգավորման նպատակով։

Ադրբեջանական իշխանամետ APA գործակալությունն իր հերթին հրապարակում էր պատրաստել Թուրքիայի և Իսրայելի միջև շարունակվող առևտրային կապերի մասին։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է OC Media-ն, Թուրքիայի աշխարհիկ հասարակության որոշ շրջանակներ դրական են գնահատում Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ։ Մասնավորապես, թուրք լրագրող Յըլմազ Օզդիլը հայտարարել է, որ Բաքվի դիվանագիտական մոտեցումն Իսրայելի նկատմամբ ավելի արդյունավետ է, քան Անկարայինը։

Ալիևի հայտարարությունները՝ Թուրքիայի աջակցության վերաբերյալ

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2020 թվականի պատերազմի վերաբերյալ վերջին հայտարարություններին։ Հոկտեմբերի սկզբին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հաղթանակի է հասել սեփական ուժերով՝ առանց արտաքին օգնության։
«Բոլորի հետևում, այսպես ասած, հզոր հովանավոր կա, ոմանք նույնիսկ մի քանիսն ունեն։ Բայց մենք միայնակ էինք»,- ասել էր Ալիևը։
Նա նաև ընդգծել էր, որ երբ Ադրբեջանն օգնության կարիք ուներ, ոչ ոք իրեն չի օգնել։

OC Media-ի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս հայտարարությունները հակասում են 2020 թվականի դեկտեմբերին Ալիևի հնչեցրած գնահատականներին։

Այն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ պատերազմի առաջին իսկ ժամերից զգացել են Թուրքիայի աջակցությունը։ Նա հիշատակել էր նաև Էրդողանի հայտարարությունը, թե Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան մշտապես նրա կողքին է։

Հոդվածում հիշեցվում է նաև, որ 2024 թվականին Էրդողանի՝ Ղարաբաղում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ հայտարարությունը քննադատության էր արժանացել ադրբեջանական պետական մամուլում։ Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը, խոսելով Իսրայելի մասին, հայտարարել էր, որ Թուրքիան կարող է այնտեղ մտնել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա։

Հեղինակների գնահատմամբ՝ այս տարաձայնություններն արտացոլում են Ադրբեջանի՝ տարածաշրջանում ավելի ինքնուրույն դերակատար դառնալու ձգտումը։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

OC Media-ն Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների շարքում առանձնացնում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էր 1993 թվականին և երկար ժամանակ դրա վերաբացումը կապել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատումից հետո տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, և Թուրքիան սկսել է ավելի ակտիվորեն զբաղվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։
Մասնավորապես, քննարկվում են սահմանի վերաբացման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։

Հեղինակների գնահատմամբ՝ Ադրբեջանը, որն իրեն ավելի ու ավելի է ընկալում որպես տարածաշրջանային ուժային կենտրոն, ձգտում է վարել Թուրքիայից անկախ արտաքին քաղաքականություն։

Միաժամանակ Անկարան ավանդաբար իրեն դիտարկել է որպես Ադրբեջանի հարաբերություններում «ավագ եղբայր», մինչդեռ Բաքուն աստիճանաբար վերանայում է այդ հարաբերությունների բնույթը։

Կարո՞ղ են տարաձայնությունները վերածվել լուրջ ճգնաժամի

Չնայած վերջին լարվածությանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը խուսափում է միմյանց հասցեին ուղղակի քննադատությունից։

OC Media-ի համաձայն՝ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները ևս զգուշավոր մոտեցում են ցուցաբերում՝ հիմնականում խոսելով թուրքական մամուլում Ադրբեջանի դեմ տարվող արշավի մասին, այլ ոչ թե ուղղակիորեն քննադատելով Թուրքիայի իշխանություններին։

Հեղինակները նշում են, որ տարաձայնությունների խորացմանը խոչընդոտում են նաև երկու երկրների միջև տնտեսական և ռազմական սերտ կապերը։
Մասնավորապես, 2026 թվականին Բաքուն և Անկարան պայմանավորվել են 2029 թվականից սկսած 15 տարի ժամկետով Թուրքիային ադրբեջանական «Աբշերոն» հանքավայրից բնական գազ մատակարարելու շուրջ։

Բացի այդ, սեպտեմբերի 30-ին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են շուրջ 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր, ինչը վկայում է ռազմական համագործակցության շարունակականության մասին։

Հոդվածի հեղինակները եզրակացնում են, որ, չնայած քաղաքական և գաղափարական տարաձայնություններին, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Նրանց գնահատմամբ՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ ամբողջությամբ հրաժարվել Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունից, ուստի «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ձևավորված հարաբերությունները կշարունակվեն։

Tags: ԱդրբեջանԹուրքիաԻսրայել
Նախորդ Լուրը

Կատարի ափերի մոտ նավթատար լցանավ է հարձակման ենթարկվել․ կան տուժածներ

Հաջորդ Lուրը

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում փլուզվել են յոթհարկանի շենքի առաջին երեք հարկերը․ կատարվում են որոնողական աշխատանքներ

08/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 1,5 մլն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել

08/10/2026
Թուրքիա

Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

07/10/2026
Հաջորդ Lուրը

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում փլուզվել են յոթհարկանի շենքի առաջին երեք հարկերը․ կատարվում են որոնողական աշխատանքներ

08/10/2026

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ

08/10/2026

Ի՞նչ է թաքնված Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածության հետևում․ OC Media

08/10/2026

Կատարի ափերի մոտ նավթատար լցանավ է հարձակման ենթարկվել․ կան տուժածներ

08/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)