Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը չի ցանկանում բավարար աջակցություն ցուցաբերել Կիևին։ Նրա խոսքով՝ վերջին երկու օրում Ուկրաինայում ռուսական հարվածներից զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ 215-ը։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Reuters»-ը։
Հինգշաբթի Կրամատորսկում ռուսական ավիահարվածի թիրախում են հայտնվել երկու ավտոբուսներ, ինչի հետևանքով վիրավորվել է 20 մարդ։ Ավելի ուշ քաղաքի իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ևս երկու մարդու զոհվելու մասին։ Այսպիսով, օրվա ընթացքում քաղաքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 35-ի։
Դոնեցկի մարզի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը Ռուսաստանին մեղադրել է քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորելու մեջ։ Մոսկվան հերքում է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեղադրանքները։
Պրիլուկիում լրագրողների հետ զրույցում Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել ընդլայնել Ուկրաինայի՝ «Starlink» արբանյակային կապի ծառայությունից օգտվելու հնարավորությունները՝ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման կայանքները թիրախավորելու համար։
«Տվե՛ք մեզ այդ հնարավորությունը, օգնե՛ք պաշտպանել մեր երկինքը և գերակայություն հաստատել այնտեղ։ Այդ ժամանակ Պուտինը կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է նա։
Զելենսկին նաև արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն գնահատականին, որ պատերազմը հայտնվել է փակուղում։
«Դա կոչվում է ցանկության բացակայություն։ Չի կարելի մի կողմից ռուսների հետ բանակցել ապագա տնտեսական նախագծերի շուրջ, իսկ մյուս կողմից ասել, որ հայտնվել ենք ինչ-որ դիվանագիտական փակուղում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի բանակցողները ուրբաթ և շաբաթ կմեկնեն ԱՄՆ՝ բանակցությունների, որոնց ակնկալվում է նաև եվրոպացի գործընկերների մասնակցությունը։ Քննարկման հարցերից մեկը լինելու է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Նա Դոնալդ Թրամփին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը։








