Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում ոչ ոք իրեն անվտանգ չի զգում, իսկ հասարակությունը զրկվել է ազատ քննարկումների և կարծիքների փոխանակման հնարավորություններից։ Այս մասին հայտնում է Apsny.ge-ն։
Facebook-ի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանում ձևավորվել է ռեպրեսիվ կառավարման համակարգ, իսկ քաղաքացիները չունեն արևմտյան գործընկերների հետ անմիջական կապ կամ անվտանգության միջազգային երաշխիքներ։
«Մենք բոլորս հայտնվել ենք նույն իրավիճակում։ Երկիրը վերածվել է ռեպրեսիվ ռեժիմի, այստեղ ոչ ոք իրեն անվտանգ չի զգում։ Մենք բոլորս մեկուսացված ենք, քանի որ հանրային տարածքները դարձել են անհասանելի»,- հայտարարել է նա։
Զուրաբիշվիլին քննադատել է նաև երկրի խորհրդարանի գործունեությունը՝ պնդելով, որ այն փաստացի զրկվել է իր հիմնական լիազորություններից և վերածվել այլ վայրերում մշակված օրինագծերի ընդունման հարթակի։
Անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականությանը՝ նախկին նախագահը հայտարարել է, որ Մոսկվան Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, որի հետևանքները կարող են տարածվել նաև այլ երկրների վրա։
Նա ընդգծել է, որ Եվրամիության և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների պահպանումը մեծապես կախված է հենց վրացական հասարակությունից։
«Սպասել, որ դրսից ինչ-որ մեկը մեր փոխարեն կանի այն, ինչ մենք ինքներս պետք է անենք, սխալ մոտեցում է»,- նշել է Զուրաբիշվիլին։







