ՆԱՏՕ-ն Սև ծովում կավելացնի ծովային պարեկային ինքնաթիռների, ռադարային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի թիվը՝ տարածաշրջանում նավերի վրա տեղի ունեցած մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, փոխանցում է «The Econimic Times»-ը:
Որոշման մասին հայտարարվել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո, որի ընթացքում քննարկվել է Սև ծովի անվտանգությունը։Դաշինքի խոսնակ, ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ Դոնելի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները նաև հետախուզական մասնագետներ են ուղարկել կամ կուղարկեն տարածաշրջան, ինչպես նաև պայթուցիկ նյութերի փորձաքննություն իրականացնող խմբեր։
Նշվում է, որ անվտանգության մտահոգություններն ուժեղացել են նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռումինիայի ափերի մոտ հարվածների հետևանքով հրդեհվել էին երկու քիմիական բեռնատար նավեր, իսկ յոթ նավաստի անհետ կորել էր։ Նախորդ տասն օրվա ընթացքում առնվազն հինգ այլ բեռնատար նավ էր վնասվել Ռումինիայի և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի ափերի մոտ։ Հաղորդումների համաձայն՝ առնվազն 23 նավաստի անհետ կորել էր կամ զոհվել։
ՆԱՏՕ-ն հարձակումների պատասխանատու որևէ երկիր չի նշել։ Ռազմական վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ դրանց հետևում գրեթե անկասկած Ռուսաստանն է, մինչդեռ Մոսկվան պատասխանատվությունը չի ստանձնել։
ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը հայտարարել է, որ դաշինքն արդեն ուժեղացրել է իր պաշտպանական ներկայությունը արևելյան թևում, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարի միջոցներով։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակելու է համատեղ գործողությունները՝ հնարավոր սպառնալիքներին արձագանքելու և անդամ երկրների բնակչության անվտանգությունն ապահովելու համար։








