Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի 31 քաղաքացու հայտարարել են անցանկալի անձ և արգելել նրանց մուտքը երկիր։ Այս մասին, «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտարարվել է հոկտեմբերի 21-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ որոշման հիմքում նշված անձանց՝ սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում արած հայտարարություններն են, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի և իշխանությունների դեմ։
Մուտքի արգելքի ենթարկված անձանց թվում են Թուրքիայի «Նոր բարեկեցություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, «HÜDA PAR» կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը, ինչպես նաև Այա Սոֆիայի նախկին իմամ Մեհմեթ Բոյնուքալընը։
Ցանկում ընդգրկված են նաև լրագրողներ և հրապարակախոսներ Յուսուֆ Քափլանը, Իսմայիլ Քըլըչարսլանը, Ադեմ Օզքյոսեն, նախկին ֆուտբոլային մրցավար և մարզական մեկնաբան Ահմեթ Չաքարը, ինչպես նաև քաղաքական, ակադեմիական և կրոնական շրջանակների այլ ներկայացուցիչներ։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ նշված անձանց հայտարարություններում առկա են նաև իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու կոչեր, կրոնական արմատականության հիմքով բռնության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման դրսևորումներ։
Միաժամանակ պաշտոնական հաղորդագրության մեջ չեն ներկայացվել կոնկրետ օրինակներ, թե ցանկում ընդգրկված անձանցից յուրաքանչյուրի որ հայտարարություններն են հիմք դարձել մուտքի արգելքի համար։
Բաքուն նաև հայտարարել է, որ շարունակելու է միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը գնահատում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված կամ թշնամանք հրահրող։








