Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ուրբաթ օրը բանակին հրահանգել է պատրաստվել Հորդանանի արևմտյան ափի ամբողջական փակմանը։ Որոշումը հաջորդել է Հեբրոնի մոտ տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով իսրայելցի զինվորները սպանել են երկու պաղեստինցու։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը:
Իսրայելական բանակը հայտնել է, որ սպանվածները զինված հարձակում էին իրականացրել։ Բանակի պնդմամբ՝ նրանց մոտ եղել են M16 տեսակի հրացան և ատրճանակ։ Հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է։
Նեթանյահուի գրասենյակի հաղորդմամբ՝ անվտանգության ուժերին հրահանգվել է անմիջապես շրջափակել Հեբրոնը և պատրաստվել ամբողջությամբ փակել Հորդանանի արևմտյան ափը։ Իսրայելական բանակն արդեն անցակետեր և ճանապարհային արգելափակոցներ է տեղադրել տարածքի մի շարք պաղեստինյան բնակավայրերում։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ միջադեպը «ցույց է տալիս Հորդանանի արևմտյան ափում պաղեստինցիների տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտությունը»։
Հիշեցնենք, որ Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելը գրավել է 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո և այն մինչ օրս շարունակում է մնալ իսրայելական վերահսկողության ներքո՝ տարբեր մակարդակներով։ 1990-ականներին Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև Օսլոյի համաձայնություններով Արևմտյան ափը բաժանվել է A, B և C գոտիների։ A գոտում հիմնականում գործում է Պաղեստինյան ինքնավարության քաղաքացիական և անվտանգության վերահսկողությունը, B գոտում քաղաքացիական հարցերը վերահսկում է ինքնավարությունը, իսկ անվտանգության վերահսկողությունը շարունակում է իրականացնել Իսրայելը։ C գոտին, որը կազմում է տարածքի մոտ 60 տոկոսը, գտնվում է Իսրայելի ամբողջական վերահսկողության ներքո։
Տարածքում բնակվում է մոտ 3,3 միլիոն պաղեստինցի, ինչպես նաև շուրջ 700 հազար իսրայելցի վերաբնակիչ՝ բնակավայրերում, որոնք հիմնականում գտնվում են C գոտում։
ՄԱԿ-ը Հորդանանյան արևմտյան ափը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, համարում է օկուպացված պաղեստինյան տարածք։ ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի շրջանակում Իսրայելի կողմից այդ տարածքում բնակավայրերի կառուցումը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի խախտում։







