Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 23-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 21,006 –ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 418-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 372 դեպք կա, այլ պատճառով՝ 126։
Ապաքինվել է ևս 1013 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 10,144 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,364 է։
Ընդհանուր առմամբ, արվել է 98,117 թեստ։
Արցախի կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից է:
Վարակն ընդհանուր առմամբ հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որոնցից 65-ն առողջացել են:
Մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:
Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Թուրքիայի Առողջապահության նախարարը ներկայացրել է հունիսի 21-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 41413 թեստ, որոնցից 1212-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24 դեպք, առողջացել է 1293 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 188897 հաստատված դեպք և մահվան 4974 դեպք, առողջացել է 161533 հիվանդ:
Ադրբեջանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 478 դեպք, 7 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավարակի 13․207 դեպք, որից 7168-ը ապաքինվել է, 161-ը՝ մահացել։ Բուժում է ստանում 5․878 հիվանդ։
Վրաստանում Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 7-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքը:
Այսպիսով, հաստատված 911-ից բուժվողների թիվը կազմում է 129, մահացածների թիվը՝ 14, իսկ բուժված անձանց՝ 768: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:
Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2 662, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 255։
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․445-ով՝ կազմելով 209․970: Նույն ժամանակահատվածում մահվան 121 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9․863: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 169․160: 2․846 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչև այսօր 1 մլն 475․331 թեստ է անցկացվել։