Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրողությանն ու Թուրքիայի հայերի այսօրվա վիճակին։
Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա քաջածանոթ է հայերի խնդիրներին։ «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։
Նշենք, որ վերոհիշյալ արտահայտությունը տարիներ առաջ հեռուստաեթերից հնչեցրել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Նա պնդել էր, թե ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»:
Նեջդեթ Սարաչը նաև հավելել է, որ որոշ դեպքերում մոռանալը ցանկալի չէ, կան բաներ, որոնք պետք է հիշել։ «Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք», – պատմել է Սարաչը և շարունակել․ «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»:
Թուրք լրագրողը ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝ լինելով պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին՝ Սարաչը հիշեցրել է նաև Գերմանիայի նախկին վարչապետ Վիլլի Բրանդի քայլը, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկաչոք ներողություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի համար։