Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններն ավարտվել են անարդյունք: Երկխոսության հերթական փուլը, որը տեղի էր ունեցել Թբիլիսիում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ, շարունակվել է 10 ժամ: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Շվեդ դիվանագետը լրագրողներին հայտնել է, որ մարտի 19-ի առավոտյան կլքի Վրաստանը և կվերադառնա Բրյուսել: Դանիելսոնն ընդգծել է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը շատ ինտենսիվ աշխատել են, որպեսզի Վրաստանի կուսակցությունները համաձայնության հասնեն և վերջ դնեն ներկայիս ճգնաժամը: Նրա խոսքով, եղել են հարցեր, որոնց շուրջ չի հաջողվել նույնիսկ մոտեցնել դիրքորոշումները:
«Քաղաքական ճգնաժամից դուրս գալու որոնումների պատասխանատվությունն ընկած է Վրաստանի քաղաքական առաջնորդների վրա: Հույս ունեմ, որ այժմ կուսակցությունները լրջորեն կմտածեն այդ իրավիճակի և այն ուղիների շուրջ, որոնց միջոցով պետք է անցնեն»,-ասել է Դանիելսոնը՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է փոխզիջումների կամք: