Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:
Արչիլ Թալակվաձեն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջընթացին և զարգացմանը՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խաղաղությանը և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն:
Նշելով, որ տարածաշրջանում առկա են նաև այլ մարտահրավերներ, այդ թվում կորոնավիրուսի համավարակ, Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ,-ասել է նախագահ Սարգսյանը:-Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:
Հայաստանի նախագահի խոսքով՝ տնտեսական վիճակը բավականին բարդ է, երկու երկրների տնտեսություններն էլ էականորեն վնասվել են կորոնավիրուսի հետևանքով: «Մենք պետք է քաջալերենք համատեղ ծրագրերի իրականացումը և նպաստենք դրան, քանի որ տարածաշրջանային համատեղ ծրագրերը միջազգային ներդրողների համար կարող են շատ ավելի գրավիչ լինել»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ ներկայումս մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ երկու երկրների համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության և անվտանգության», -ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: