ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը Արշակ Կարապետյանին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:
Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։
ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին: