Լիտվական հեղինակավոր lrytas.lt պարբերականում լույս է տեսել լիտվացի հայտնի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի հոդվածը՝ նվիրված Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցին։
«Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991
Պրոֆ․ Ալգիս Կասպերավիչյուս, պատմաբան
2020․01․13
Այս հունվարին լրանում է այն ողբերգության 30-ամյակը, երբ վերջին հայերը ստիպված եղան փախչել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից՝ շարունակվող ադրբեջանական ջարդերի պատճառով: Ադրբեջանի այլ շրջաններում այլևս հայեր չմնացին, չնայած նրանք այնտեղ ապրել էին հարյուրամյակներ շարունակ:
Ջարդերի ժամանակ Սովետական բանակի միավորները տանկերով և այլ ծանր տեխնիկայով մտան միլիոնանոց քաղաք Բաքու․ նրանք ուշ մտան, երբ ջարդերն արդեն ընթանում էին իրենց ամբողջ թափով։
Բանակը դիմադրության արժանացավ ադրբեջանցի ակտիվիստների կողմից, որոնցից շատերը հարձակում էին գործել կամ նույնիսկ սպանել հայերին՝ թալանելով և ոչնչացնելով նրանց սեփականությունը։ Վիլնյուսի ապագա քաղաքապետը՝ Արտուրաս Զուոկասը, ով այն ժամանակ դեռևս երիտասարդ լրագրող էր, 1990թ․ հունվարի 24-31-ն այցելել էր Բաքու և Վիլյնուսի համալսարանի թերթում գրել հայերի տառապանքների մասին․ «Մարդկանց նետում էին պատուհաններից, այրում և ծեծելով սպանում»։
Այս վկայությունն ավելի արժեքավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Զուոկասը դատապարտում է զորքերի մուտքը։ Նրա կարծիքով՝ հայերին փրկելը պատրվակ էր հիմնական նպատակի՝ ադրբեջանական ժողովրդական շարժումը ճնշելու համար, որը ղեկավարվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից: (Տես.՝ A. Zuokas. Ką gina tankai Baku gatvėse?// „Universitas Vilnensis“ 1990 vasario 9 ) Ա. Զուոկաս. Ի՞նչ են տանկերը պաշտպանում Բաքվի փողոցներում: // Universitas Vilnensis 1990-ի փետրվարի 9-ին):
Բանակի հետ ամենամեծ բախումները տեղի ունեցան հունվարի 19-ին և 20-ին Բաքվի փողոցներում: Հունվարի 20-ը ներկայիս Ադրբեջանը ամեն տարի ոգեկոչում է որպես «Սգո օր»:
Ոգեկոչումը կազմակերպում են իշխանությունները, և այս տարի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով քաղաքացիներին, հորդորեց նրանց հնարավորինս շատ միջոցառումների մասնակցել, որի ընթացքում նրանք, ինչպես միշտ, անիծում և սպառնում են Հայաստանին ու հայությանը:
Լիտվայում մենք, հավանաբար, կտեսնենք հոդվածներ կամ մեկնաբանություններ մամուլում և ինտերնետում, որոնցում, ինչպես և շատ անգամներ, կհամեմատեն 1990թ․ հունվարյան իրադարձությունները Բաքվում և 1991թ. իրադարձությունները Վիլնյուսում: Երկու դեպքում էլ խորհրդային բանակի գործողությունների հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Ի դեպ, Բաքվում շատ ավելին, քան՝ Վիլնյուսում: Այնտեղ՝ Բաքվում, սպանվել և վիրավորվել են նաև զինվորներ և սպաներ:
Այնուամենայնիվ, այս տարբերությունը փաստարկ չէ Բաքվում և Վիլնյուսում տեղի ունեցող իրադարձությունների նմանությունը հերքելու համար: Կարևորն այն է, թե ինչ էր տեղի ունեցել Լիտվայում և Ադրբեջանում մինչև այդ իրադարձությունները: Եվ, իհարկե, կարևոր է նաև, թե ինչպես են այժմ բացատրվում այս իրադարձությունները, և որ պահերն են կարևորվում:
Լիտվայում, ինչպես հայտնի է, Սայուդիսը ատելություն չի սերմանել Լիտվայում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչների հանդեպ, և օտարերկրացիների նկատմամբ բռնություն չի եղել: Լիտվայի Հանրապետությունը, որն իր անկախությունը հռչակեց 1990-ի մարտի 11-ին, իր տարածքում բնակվող բոլոր մարդկանց ճանաչեց որպես պետության քաղաքացի՝ անկախ իրենց ազգությունից:
1991թ. հունվարին ազգային թշնամանքի հողի վրա բախումներ չեղան ժողովրդի միջև: Խորհրդային ներքին զորքերի բռնությանը հակադրվեցին խաղաղ հանրահավաքներ, որին ամբողջ Լիտվայից մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ:
Հունվարի 12-ից 13-ի գիշերը զինվորականները գնդակահարեցին 13 անզեն մարդկանց, մի քանի հարյուրը վիրավորվեցին կամ այլ վնասվածքներ ստացան: Ոչ բռնի դիմադրության ֆոնին՝ ԽՍՀՄ ղեկավարները չհամարձակվեցին դիմել ուժի համատարած կիրառմանը, և զինվորները վերադարձվեցին զորանոց:
Հունվարի 13-ի իրադարձությունները Լիտվայում համարվում են տխուր և միևնույն ժամանակ պատվելի տարեդարձ, և այն երբեք չի վատնվում Լիտվայում ապրող այլ ազգությունների մարդկանց դեմ ուղղված մեղադրանքներով և սպառնալիքներով:
Մինչդեռ Խորհրդային Միությունում պետականաշինության Ադրբեջանի ճանապարհը ուղեկցվում էր հայկական ջարդերով, կոտորածներով և արտաքսումներով: Այս գործողությունների ամբողջությունն է, որ կոչվում է էթնիկ զտում:
Փաստն այն է, որ էթնիկ զտումները սկսվել են դեռ խորհրդային միության վաղ տարիներին, երբ այսպես կոչված Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ: Նախիջևանի ԽՍՀ բնակչություն կեսը հայեր էին, և Բաքվի իշխանությունները ամեն կերպ հորդորում կամ ստիպում էին նրանց մեկնել Հայաստան կամ ԽՍՀՄ այլ մասեր:
Պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար այլևս հնարավոր չէր սպանել հայերին սովետական ժամանակներում, ինչպես թուրքական բանակի հետ միասին դա արեցին 1917-ին Կովկասում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այնուամենայնիվ, առանց արյունահեղության տեղահանումը երկար էր, բայց ապացուցվեց, որ արդյունավետ է: 1989 թվականին Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում այլևս հայեր չէին մնացել:
Ադրբեջանին կցված մյուս երկրմասում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, հայ բնակչությունը կազմում էր ավելի քան 90%, և Ադրբեջանի իշխանությունները չկարողացան նրանց վերացնել: Փոխարենը նրանք փորձեցին սահմանափակել տարածքի տնտեսական զարգացումը և հայերի մշակութային կյանքը:
Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղի հայերը դիմեցին Մոսկվա՝ իրենց տարածքը հարևան ՀՍՍՀ-ին միացնելու խնդրանքով, բայց դրական պատասխան չստացան:
Գորբաչևի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում՝ 1988-ի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ-ից ՀՍՍՀ-ին միացնելու մասին: Մոսկվան ձգձգեց՝ հրաժարվելով նման տարածքային փոփոխություններ կատարելուց, իսկ ադրբեջանցիները Սումգայիթում՝ Ադրբեջանի արդյունաբերական քաղաքում, կազմակերպեցին հայերի սարսափելի ջարդեր:
Սադիստական կոտորածները և կանանց զանգվածային բռնաբարությունները հայերին հիշեցնում էին 1917թ․-ից հետո Կովկասում զանգվածային սպանությունների և 1915-1923 թվականներին Թուրքիայում հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության մասին: Թուրքիան մինչ օրս հերքում է դա, մինչդեռ ժամանակակից Ադրբեջանում հայերին դեռ այս կերպ են վերաբերվում:
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարների հետ և 1991 թվականին պաշտոնապես վերացրեց այս տարածքի ինքնավար կարգավիճակը:
Դրանից հետո տարածքը հռչակվեց Արցախ (հին հայկական անունը՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն): Հայաստանի աջակցությամբ այն հաջողությամբ դիմակայեց ադրբեջանական բանակի գրոհներին:
1994թ․ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը, բայց Ադրբեջանը մինչ օրս պատրաստվում է վրեժ լուծել: Դրա մասին են վկայում ոչ միայն շփման գծում տեղի ունեցող բախումները, բանակի հզորացումը, այլև երկրի բնակիչների շրջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Հայաստանին մեղադրում են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը խլելու մեջ և ոչ միայն դրանում:
Մերժվում է նաև հայերի՝ որպես հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի գոյությունը: Հայտարարվում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը XIX դարի սկզբին իբր թե բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ հայերը Թուրքիայից տեղահանվել են ռուսական ցարերի կողմից:
Այսպիսով, ըստ ադրբեջանական քարոզչության, հայերը ազգ չեն և ոչ էլ ունեն իրենց տարածքը: Այս կերպ նրանք հող են նախապատրաստում հնարավոր առաջիկա Հայոց ցեղասպանության համար Արցախում կամ նույնիսկ Հայաստան ներխուժման դեպքում:
Միևնույն ժամանակ, արտասահմանում գտնվող ադրբեջանցի դիվանագետները իրենց երկիր վճարովի ուղևորությունների փոխանակման կամ այլ տեսակի փոխհատուցումների դիմաց հավաքագրում են լրագրողների և այլ անհատների, որոնք ունակ են գրելու և քարոզչություն տարածելու կամ գոնե Ադրբեջանի առավել բարենպաստ պատկերը ու նրա կառավարության քաղաքականությունը ներկայացնելու՝ չհիշատակելով հայկական ջարդերի, էթնիկ զտումների և ծայրահեղ ատելության հրահրման մասին:
Ցավոք սրտի, այդպիսի դիվանագետների գործողությունները նկատելի են նաև Լիտվայում: Ադրբեջանի դեսպանությանը ծառայող «ազդեցիկի» հետ մեկտեղ Lietuvos aidas-ի երաժշտագետ և հրապարակախոսներից մեկը գրել է իր` Բաքու այցելության մասին «Բաքվի էտյուդներ» խորագրով:
Այս էտյուդներում խստորեն քննադատվում է Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիան», որը ենթադրաբար խախտում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչևէ, այնտեղ որևէ խոսք չկա, որ եթե այդ «ամբողջականությունը» վերականգնվի, ապա Լեռնային Ղարաբաղի հայերը կդառնան փախստականեր: Այսպիսով, Լիտվայի եւ Ադրբեջանի հունվարյան իրադարձությունների ոչ միայն հանգամանքները, այլ նաև դրանցից քաղված դասերն են տարբերվում միմյանցից»: