ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ հարցին։
«Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ:Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,- հայտնել է Հունանյանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին հարցին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակն ասել է․
«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»: