ԱՄԷ-ում Իսրայելի դեսպան Ամիր Հայեկը կանչվել է երկրի արտգործնախարարություն Երուսաղեմում ծավալվող իրադարձությունների պատճառով:
ԱՄԷ-ի միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Ալ-Հաշեմին Իսրայելի դեսպանին է փոխանցել իր երկրի խիստ դժգոհությունը Երուսաղեմում և Ալ-Աքսա մզկիթում աճող լարվածության համար՝ դատապարտելով քաղաքացիների և սրբազան վայրերի նկատմամբ հարձակումները:
Նա կոչ է արել անմիջապես դադարեցնել նման գործելակերպը, ապահովել հավատացյալների անվտանգությունը, հարգել պաղեստինցիների կրոնական իրավունքները և դադարեցնել ցանկացած այնպիսի վարքագիծ, որը «խախտում է Ալ-Աքսա մզկիթի սրբությունը»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երուսաղեմում իսրայելա-պաղեստինյան զգալի լարվածություն է նկատվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության ուժերի և մուսուլման հավատացյալների միջև բախումներ են եղել: Լարվածությունը շարունակվել է նաև Տաճարի լեռան մոտակայքում: Իսկ երեկ վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի դիրքերին: