Իրանական Irdiplomacy վերլուծական կայքը Ադրբեջանի և Թուրքիայի հակաիրանական քաղաքականության վերաբերյալ հարցազրույց է անցկացրել Եվրասիայի հարցերով փորձագետ Շուաիբ Բահմանի հետ:
Պատասխանելով Շուշիում «համայն աշխարհի ադրբեջանցիների համաժողով»-ի և այդ միջոցառմանը հակաիրանական տարրերի մասնակցության վերաբերյալ հարցին՝ Բահմանը շեշտել է, որ եթե իրադարձություններն ուսումնասիրվեն ժամանակային կտրվածքով, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր հակաիրանական քաղաքականությունը:
Նա շեշտել է, որ այդ գործընթացը սկսվում է իրանական մշակույթի ու լեզվի հետ հակադրությունից և հասնում մինչև պատմության խեղաթյուրում ու արտաքին քաղաքականությունում հակաիրանական գծի ներառում:
«Այդ ստորացուցիչ, վիրավորական և հակաիրանական մոտեցումը Ադրբեջանում վերջին տարիներին ավելի է ամրապնդվել»,-ընդգծել է Բահմանը:
Փորձագետն ընդգծել է, որ Բաքվի հակաիրանական քաղաքականությունը ոչ թե տակտիկական քայլ է, այլ ռազմավարական գործընթաց, որը միայն Ադրբեջանով չի սահմանափակվում: Նրա խոսքով՝ անգամ Ադրբեջանը չի կարող այդ գործընթացն ընդհատել, քանի որ ամեն ինչ նախօրոք ծրագրավորված է:
Բահմանը շեշտել է, որ այդ գործընթացին ներգրավված են Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը:
Բահմանն ընդգծել է, որ բազմիցս նախազգուշացվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավված տարածքները հակաիրանական և Իրանի անվտանգությանը սպառնացող գործողությունների հարթակ են դառնալու:
Նա հավելել է, որ խոսքը միայն «ադրբեջանցիների համագումարի» մասին չէ, այլ նաև նրա, որ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գրավված տարածքները Իրանի դեմ լրտեսական, ահաբեկչական գործողությունների համար իսրայելական հենակետի են վերածվել:
«Միաժամանակ պանթյուքերն ու անջատողական հոսանքները ևս իրենց գործունեության համար Իրանի սահմանների մոտ անվտանգ տեղ են գտել»,- ընդգծել է Բահմանը:
Փորձագետը շեշտել է, որ եթե ՌԴ-ն չկարողանա հեշտությամբ դուրս գալ ուկրաինական պատերազմից, ապա Հարավային Կովկասի նկատմամբ նրա ուշադրությունը նվազելու է, ինչն Ադրբեջանի ու Թուրքիայի համար բացառիկ հնարավորություն է ստեղծելու Ղարաբաղում իրենց ծրագրերը, մասնավորապես՝ ՀՀ տարածքով միջանցքի ստեղծումն իրագործելու համար:
Բահմանը համոզմունք է հայտնել, որ պանթյուրքիստական հոսանքները Իրանի տարածքային ամբողջականությանը լուրջ սպառնալիք չեն կարող համարվել, քանի որ ոչ մեծ գործողություն ձեռնարկելու կարողություն ունեն, ոչ էլ Իրանի ներսում հասարակական լայն աջակցություն:
Միաժամանակ նա շեշտել է, որ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում այդ հոսանքներին և պաշտոնական համաժողովների հրավիրում, պետք է արժանանա Իրանի քննադատությանը, քանի որ դա բարիդրացիականության դրսևորում չէ և Իրանի անվտանգությանն է առնչվում: