ԱՄՆ-ը 35 մլն դոլար կտրամադրի Վրաստանին՝ Ռուսաստանի ապագա սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Սա կլինի հերթական ռազմական օգնության մի մասը, որը տրամադրվում է Միացյալ Նահանգների՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի,- հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ապրիլի 25-ին Կիևում այցելել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Պատերազմական գոտի հազվադեպ այցի ժամանակ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 713 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինայի և նրա 15 դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար:
«Ամերիկայի Ձայն»-ին տված գրավոր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ 713 միլիոն դոլարի օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) 322 միլիոն դոլարը կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման համար, իսկ մնացածը կուղղվի Բալկաններ և Կենտրոնական և Արևելյան Եվրոպա: Նրանց թվում է Վրաստանը։
«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որը ներառում է մարտական տեխնիկա, հակադրոնային համակարգ, դաշտային հրետանային մարտավարական տվյալների առաջադեմ համակարգ, շարժունակության հնարավորություններ և կիբեր պաշտպանություն»,- նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։