Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն պաշտոնական այց է կատարել Թեհրան:
Այցի ընթացքում հանդիպել է իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշթիանիի, ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Իրանի պաշտպանության նախարար Աշթիանին չինացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել համաշխարհային ճգնաժամերի առնչությամբ և շեշտել է, որ դրանց պատճառը Արևմուտքի քաղաքականությունն է:
«Աշխարհում միակողմանիության գործընթացին դեմ հանդես եկող անկախ երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով հնարավոր է լուծել անվտանգության ընդհանուր մարտահրավերներն ու սպառնալիքները»,- հավելել է Աշթիանին՝ անդրադառնալով ԱՄՆ հեգեմոնիային հակազդելու անհրաժեշտությունը:
Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ իր այցի նպատակը երկու երկրների զինված ուժերի միջև պաշտպանական, ռազմավարական համագործակցության ամրապնդումն է:
Քննադատելով ԱՄՆ «միակողմանի և ծավալապաշտական» գործողությունները՝ չինացի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի ու Չինաստանի ԶՈւ համագործակցությունը կարող է կառուցողական դեր ունենալ այդ գործողությունների կանխարգելման և ահաբեկչության դեմ պայքարում:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների ռազմական հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշարջանային ու համաշխարհային կայունությանն ու անվտանգությանը:
Այցի շրջանակում Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի նախագահն Էբրահիմ Ռայիսիի հետ:
Ռայիսին ընդգծել է, որ անկախ միջազգային զարգացումներից՝ հետամուտ են Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և այդ ուղղությամբ 25-ամյա համագործակցության պլանի իրագործումն առաջնահերթություն է:
Ռայիսին շեշտել է, որ Իրանում ներդրումների համար բազում ոլորտներ կան, այդ թվում՝ ենթակառուցվածքային, էներգետիկայի, տրանսպորտային ոլորտները:
Չինաստանի ՊՆ նախարարն իր հերթին շեշտել է, որ Իրանն ու Չինաստանը, միմյանց հետ համագործակցելով կարող են նպաստել համաշխարհային խաղաղությանը:







