Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը երկու ադրբեջանցիների հետ միասին 2014 թվականին ներթափանցել էր Արցախ և սպանել Սմբատ Ցականյանին և Սարգիս Աբրահամյանին, հրապարակավ խոստովանել է, որ Քարվաճառ է ուղարկվել Ադրբեջանի իշխանությունների անմիջական հրահանգով և հատուկ հանձնարարությամբ։
Շահբազ Գուլիևը մայիսի 18-ին հյուրընկալվել է ադրբեջանական «Xural TV»-ի յութուբյան «Siyasət meydanı» (հայ․՝ Քաղաքականության հրապարակ) հաղորդմանը, որի ընթացքում իր խորը վրդովմունքն ու բողոքի ձայնն է բարձրացրել Ադրբեջան վերադառնալուց հետո պետության կողմից արժանացած անուշադրության առնչությամբ։ Բողոքելով սոցիալական վատ պայմաններից՝ Գուլիևը կարևոր բացահայտումներ է արել Քարվաճառում կազմակերպված դիվերսիայի մասին։ Նա շեշտել է, որ խոսելու է անգամ կյանքի գնով։
Ադրբեջանցի դիվերսանտը մասնավորապես նշել է, որ Քարվաճառ են ներխուժել 1998-2019 թվականներին Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Շամիլ օղլու Հասանովի իմացությամբ։ Նա շեշտել է, որ իրենք զինվել և ճանապարհ են ընկել հենց Ալի Հասանովի աշխատասենյակից։
«Մենք Քելբաջար Ալի Հասանովի աշխատասենյակից ենք ճանապարհ ընկել։ Մեր ձեռքը զենք է տրվել, ատրճանակ է տրվել, ինքնաձիգ է տրվել, նռնակ է տրվել, և ճանապարհ են դրել։ Մենք զինված ենք գնացել»,-նշել է Գուլիևն ու հավելել, որ իրեն կանչել և ասել են, թե «պետությանը պետք է, և պետության համար պետք է գնա»։ Գուլիևը նշել է, որ իրենց տրված զենքերը եղել են ժամանակակից զենքեր, այդ թվում՝ խլացուցիչով ատրճանակներ։
Նրա խոսքով՝ իրեն ուզում էին մենակ ուղարկել, սակայն ասել է, որ Դիլգամ Ասգերովը լավ գիտի տեղանքը և կարող է ուղեկցել իրեն, բայց քանի որ այդ ժամանակ Դիլգամը Շամքիրում ձերբակալված էր, նրան ազատ են արձակել և Գուլիևի հետ ուղարկել։
Հաղորդավար Ավազ Զեյնալլըի ճշգրտող հարցին, թե ստացվում է, որ պետությունը տեղյակ է եղել Քարվաճառ ներխուժումից և անգամ գաղտնի հանձնարարություն է տվել, Գուլիևը տվել է դրական պատասխան և նշել, որ Արցախ իրենց նախորդ այցերի ժամանակ արված տեսագրությունները պարունակող 10 տեսաերիզ է փոխանցել Ալի Հասանովին, և այդ տեսաերիզները փոխանցվել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ մասնավորապես, պաշտպանության նախարարի առաջին տեղակալին։
Քարվաճառ ներխուժելու նպատակների մասին խոսելիս Գուլիևը նշել է, որ նկարահանումներ ունեին անելու և շեշտել, որ Հասան Հասանովն ու ինքը միայն Դիլգամ Ասգերովի գործերի պատճառով են մտել Քարվաճառ, հակառակ դեպքում իրենք վերադառնալու էին, քանի որ ավարտել էին իրենց աշխատանքը։ Այդպիսով՝ նա Հասան Հասանովի սպանության և իր ձերբակալության մեջ հիմնականում մեղադրել է Դիլգամ Ասգերովին։ Գուլիևը նաև ընգծել է, որ Դիլգամը ձերբակալվելուն պես ասել է, որ Հասան Հասանովն ու Շահբազ Գուլիևը պետության մարդն են, իսկ ինքն՝ ուղեկցող։
Գուլիևը հայտարարել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել, քանի որ չի կարող ներկա սոցիալական պայմաններում ապրել, այն դեպքում, երբ մինչ հայերի կողմից ձերբակալվելն ունեցել է ապահով կյանք։
Շահբազ Գուլիևի խոստովանական հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական մամուլում և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում՝ ուղեկցվելով Ալի Հասանովի դեմ քննադատական արձագանքներով։ Հարցազրույցից մեկ օր անց Ալի Հասանովը Demokrat.az-ին հայտնել է, որ Գուլիևի մասին որևէ բան չունի ասելու. «Զանգ տվեք Դիլգամ Ասգերովին և նրան հարցրեք, նա կասի։ Ես Շահբազ անունով մարդ չեմ ճանաչում, նրա դեմքը երբեք չեմ տեսել»,-հայտարարել է Հասանովը։
Անդրադառնալով Շ. Գուլիևին և Դ. Ասգերովին Քարվաճառ ուղարկելու մասին հարցին՝ Հասանովը նշել է, որ ինքը ոչ ՊՆ-ից է, ոչ էլ որևէ հատուկ մարմնից։
Հիշեցնենք, որ 2014թ. ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Քարվաճառ և սպանել Արցախի Հանրապետության քաղաքացի 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորանք հասցրել ՀՀ քաղաքացի Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ասգերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: Արցախյան 2020թ․ պատերազմից հետո հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնել էին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման, և ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասգերովն ու Շահբազ Գուլիևը նույն թվականի դեկտեմբերի 14-ին վերադարձվել էին Ադրբեջան, թեև Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ամբողջովին կատարել այդ պարտավորությունը։
![](https://regionmonitor.com/wp-content/uploads/2022/05/sh-gh-1024x579.jpg)
Ադրբեջան վերադառնալուց հետո ԶԼՄ-ներում շրջանառվել էր դիվերսանտներ Դ. Ասգերովի և Շ. Գուլիևի հարաբերությունների վատթարացման թեման։ Նրանք հակասական մեկնաբանություններ էին տվել 3-րդ դիվերսանտ Հասան Հասանովի մահվան հանգամանքների հետ կապված։
Հարկ է նշել, որ ադրբեջանական պաշտոնական վարկածով՝ Շահբազ Գուլիևն ու Դիլգամ Ասգերովը «գերեվարվել էին իրենց ծնողների շիրիմին այցելելու համար»։ 2016թ. Բաքվում անգամ ստեղծվել էր Շահբազ Գուլիևի ու Դիլգամ Ասգերովի իրավունքների պաշտպանության կոմիտե, և Ադրբեջանը բազմիցս միջազգային ամենատարբեր ատյաններում բարձրացնում էր նրանց վերադարձի հարցը՝ փորձելով ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Մինչդեռ վերջին շրջանում ադրբեջանցի դիվերսանտների հայտարարությունները մշտապես հակասական են եղել, և Շահբազ Գուլիևի այս հայտարարությունը հստակ բացահայտում է Արցախ ներխուժման իրական դրդապատճառներն ու Ադրբեջան պետության կողմից զինված ներթափանցումների կազմակերպման, մարդասպանությունների խրախուսման քաղաքականությունը։