Լիբանանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 115 կին թեկնածուներից նոր խորհրդարան են անցել միայն 8 կին պատգամավորներ:
Ուշագրավ է, որ նոր խորհրդարան անցած կանայք խախտել են Լիբանանում տասնամյակներ շարունակ կիրառվող սովորույթը՝ խորհրդարանական ժառանգությունը:
Դեռևս 1963 թվականից ի վեր կին պատգամավորը սովորաբար խորհրդարանի անդամ էր դառնում ամուսնու կամ հոր մահից հետո՝ փաստացի ժառանգելով աթոռը:
Առաջին լիբանանցի կին պատգամավորը Միրնա Ալ-Բուստանին էր, ով Լիբանանի խորհրդարարն էր անցել 1963 թվականին իր հոր՝ Էմիլ Ալ-Բուստանիի մահից հետո:
Նույն ճանապարհով են անցել այլ կին պատգամավորներ, այդ թվում՝ Նուհադ Սաիդը, ով նախկին պատգամավոր Անտուան Սաիդի կինն էր, Նեյլա Մուավադը՝ նախկին նախագահ Ռենե Մուավադի կինը, և Սոլանժ Ժմայիլը՝ նախկին նախագահ Բաշիր Ժմայիլի կինը:
Վերջին ընտրություններում նոր խորհրդարան են անցել ութ կանայք: Հայազգի Փոլա Յակուբյանն առաջադրվել էր որպես անկախ պատգամավոր, Ինայա Էզեդինը՝ «Ամալ շարժում» կուսակցության և Ստրիդա Ջաաջաան՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցության կողմից: Այս երեք պատգամավորները ներկայացված էին նաև նախկին խորհրդարանում: