Սաուդյան Արաբիան և Թուրքիան «համագործակցության նոր դարաշրջան» են բացում

126

Սաուդյան Արաբիան և Թուրքիան հայտարարել են «համագործակցության նոր դարաշրջան» բացելու իրենց վճռականության մասին՝ թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանի այցի ավարտին: Տեղեկությունը փոխանցում է սաուդական պաշտոնական Saudi Press Agency (SPA) լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ թագաժառանգը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել միասին աշխատել տարբեր ոլորտներում՝ այդ թվում քայլեր ձեռնարկել տնտեսության, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները հաստատել են «իրենց վճռականությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկկողմ հարաբերություններում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգության և մշակութային ոլորտներում»։

«Երկու կողմերը հաստատեցին իրենց ջանքերը՝ ակտիվացնելու համագործակցությունը, համակարգումը և կարծիքների փոխանակումը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում կարևոր հարցերի շուրջ՝ նպաստելով տարածաշրջանում անվտանգության և կայունության աջակցությանը և ամրապնդմանը, ինչպես նաև բոլոր ճգնաժամերի քաղաքական լուծումներին»,- նշել է գործակալությունը՝ հղում կատարելով համատեղ հայտարարությանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանը տարածաշրջանային այց էր սկսել՝ մեկնելով Եգիպտոս և Հորդանան, ապա՝ Թուրքիա: