2022 թվականի հուլիսի 3-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Աղբյուրի համաձայն՝ Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են 74 հատ զինամթերք և ենթազինամթերք: Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:
Նշենք, որ առաքելության առաջին օրվանից մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել ավելի քան 900 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։