Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում պատրաստվում են անցկացնել «Հեյդար Ալիև 2026» համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ միջոցառումն իրականացվում է երկու երկրների միջև գործող ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժության հիմնական նպատակը համատեղ գործողությունների պլանավորումն ու իրականացումն է՝ համապատասխան ժամանակակից մարտավարական սկզբունքներին։ Այն միտված է նաև արդյունավետ փոխգործակցության ապահովմանը, համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը և անձնակազմի գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։
Սցենարի շրջանակում նախատեսվում է մշակել տարբեր պայմաններում իրականացվող մարտական գործողություններ և կատարել հատուկ առաջադրանքներ։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն արդեն տեղափոխվել են Նախիջևանից Կարս՝ զորավարժությանը մասնակցելու համար։








