Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը պետական նյութական պահուստների, աղետներին պատրաստվածության և արձագանքման ոլորտներում։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը։
Հանդիպումը կայացել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում։ Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ուղղությամբ Հայաստանում իրականացվող փոփոխությունները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի բարեփոխումները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ծրագրերին աջակցելու համար։ Հոլինգվորթն իր հերթին կարևորել է ՆԳ նախարարության հետ երկարամյա համագործակցությունը և ողջունել աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունն ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը համատեղ վարժանքների անցկացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։








