Ֆրանսիայում հոկտեմբերի 17-19-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 2331 մարդ, իսկ իրավապահ մարմինների 997 աշխատակից վնասվածքներ է ստացել։ Երկրի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ժամանակավորապես կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, իսկ բիզնեսին հասցված վնասը գնահատվում է հարյուրավոր միլիոն եվրո, հայտնում է «Deutsche Welle»-ն։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը Փարիզում ձերբակալվել է ևս 350 մարդ։ Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ ձերբակալվածների ավելի քան 80 տոկոսը կենթարկվի քրեական հետապնդման։ Մի քանի տասնյակ կասկածյալներ արդեն տեղափոխվել են նախնական կալանքի վայրեր։
Նունյեսը խոստովանել է, որ հոկտեմբերի 17-ին բռնությունների բռնկման ժամանակ ոստիկանությունը մի շարք խոշոր քաղաքներում կորցրել է իրավիճակի վերահսկողությունը՝ անբավարար պատրաստված լինելով անկարգությունների մասնակիցների և թալանողների մեծ թվին։ Նա նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է ազատել իրեն ներքին գործերի նախարարի պաշտոնից, սակայն նախագահը մերժել է առաջարկը՝ կարևորելով անվտանգության համակարգի ղեկավարության շարունակականությունը։
Անկարգությունների հետևանքով թալանվել են խանութներ, այրվել շենքեր ու մեքենաներ, իսկ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի գնահատմամբ՝ վնասներ կարող էին կրել ավելի քան 2000 խանութներ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան գրանցվել էր թալանի շուրջ 1500 դեպք, իսկ ընդհանուր վնասը գնահատվել էր հարյուրավոր միլիոն եվրո։ Իշխանությունները քննարկում են տուժած բիզնեսներին աջակցելու հնարավորությունները։
Հոկտեմբերի 19-ին Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքերը՝ ի նշան համազգային բողոքի շարժման աջակցության և ոստիկանության գործողությունների դեմ։ Թանգարանը չի կարողացել բացվել նախատեսված ժամին։ Փարիզի դատախազ Լոր Բեկկյուն հայտարարել է, որ իրավապահները կօգտագործեն տեսագրություններ, մատնահետքեր և այլ ապացույցներ՝ անկարգությունների ու թալանի մասնակիցներին հայտնաբերելու համար։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել է ոստիկանության և անվտանգության այլ ստորաբաժանումների 997 աշխատակից, որոնցից յոթը ծանր վնասվածքներ են ստացել։
Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներից։ Սեպտեմբերի 17-ից աշակերտները սկսել են փակել դպրոցների մուտքերը՝ բողոքելով ուսուցիչների պակասի, գերծանրաբեռնված դասարանների, վատ պայմանների և ուսումնական գործընթացի խնդիրների դեմ։ Հետագայում նրանց միացել են ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ և արհմիություններ։
Շարժումն աստիճանաբար վերածվել է ավելի լայն սոցիալական բողոքի։ Ցուցարարների դժգոհությունն ուղղված է նաև կյանքի թանկացմանը, վառելիքի և սննդամթերքի գների աճին, հանրային ծառայությունների ֆինանսավորման կրճատումներին և պետական հատվածի աշխատավարձերի սառեցման ծրագրերին։ Նրանք պահանջում են բարելավել կրթության ֆինանսավորումը, ապահովել բավարար թվով ուսուցիչներ, բարձրացնել աշխատավարձերը և մեղմել բնակչության տնտեսական բեռը։







