Իրաքում քաղաքական ճգնաժամը խորանում է. կոչ է արվել լուծարել երկրի խորհրդարանը

66

Իրաքում Al-Fatah կուսակցության  առաջնորդ Հադի Ալ-Ամիրին հայտարարել է, որ աջակցում է արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարն՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ երկխոսություն՝ դրանց անցկացման պահանջներն ու ամսաթիվը որոշելու համար։

Aljazeera-ն գրել է, որ շիայական «Կոորդինացիոն շրջանակ» դաշինքը լիազորել էր Ալ-Ամիրիին շփվել քաղաքական կուսակցությունների հետ և ներկայացնել դաշինքը ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցություններում:

Ինչ վերաբերում է Խամիս Ալ-Խանջարի գլխավորած «Ինքնիշխանություն» դաշինքին (որի մեջ մտնում են նախկին խոսնակ Մուհամմադ Հալբուսիի գլխավորած «Թակադում» և Խամիս Ալ-Խանջարիի «Ազմ» կոալիցիերը՝ միասին զբաղեցնելով 63 տեղ խորհրդարանում), ապա այն հայտարարել է, որ սատարում է արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալ-Սադրի կոչն՝ ընդգծելով, որ ընտրությունները պետք է անցկացվեն նոր չափանիշների և օրենքների համաձայն։

«Հաղթանակ» կոալիցիան՝ նախկին վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի գլխավորությամբ, նույնպես ողջունել է Ալ-Սադրի կոչը:

Իսկ «Օրենքի երկիր» կոալիցիայի ղեկավար (որը ներգրավված է «Կոորդինացիոն շրջանակում») Նուրի Ալ-Մալիքին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «լուրջ երկխոսությունները, որոնցով հույս ունենք լուծել տարաձայնությունները, սկսվում են սահմանադրության և սահմանադրական ինստիտուտների հարգմանը վերադառնալով» (նկատի ունենալով Ալ-Սադրի կողմնակիցների ներխուժումը խորհրդարանի շենք):

Հիշեցնենք, որ այսօր «Ալ-Սադր» շարժումը, որը օրեր շարունակ նստացույց է անում Իրաքի խորհրդարանի շրջակայքում, կոչ է արել լուծարել երկրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել: