Միացյալ Նահանգները երբեք չի խոչընդոտի Իսրայելին քայլեր ձեռնարկել Իրանից պաշտպանվելու համար, եթե դրա կարիքը կա: Այս մասին Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ հանդիպմանը ասել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Նայդսը՝ փոխանցելով Բայդենի խոսքերը:
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնել է իր հանձնառությունն առ այն, որ Իրանը երբեք միջուկային զենքին չի տիրապետի:
«Միևնույն ժամանակ մենք նախընտրում ենք դիվանագիտական լուծում, սակայն այն պայմանների համաձայն, որոնք նախագահը [Ջո Բայդենը] ներկայացրել է եվրոպացի մեր գործընկերներին»,- հավելել է Նայդսը:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում միջուկային պատժամիջոցների վերացման շուրջ: Պաշտոնական Թեհրանը բազմիցս կրկնել է, որ կայուն երաշխիքներ է պահանջում համաձայնության հասնելու ուղղությամբ: Մինչդեռ Իսրայելը «դիվանագիտական պայքար» է մղում միջուկային հնարավոր համաձայնության դեմ: