Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու։
«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում՝ այդ թվում, իմ տպավորությամբ, միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը։ Որտե՞ղ է գրված միջանցք։ Ադրբեջանն ասում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի [հայտարարության] 9-րդ կետի համաձայն։ Այդ 9-րդ կետը հրապարակված կետ է։ Ես աշխարհ բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ կետի իրագործման վերաբերյալ նոր եռակողմ հայտարարություն էր կնքվել 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ նշվել էր, թե 9-րդ կետը ինչ է նշանակում և ինչի մասին է։
«Ես ձեզ գաղտնիք ասեմ։ Մենք Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, և այդ առաջարկությունը ես նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել և տալ և ստանալ», – նշեց Փաշինյանը։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: