«Իրան-Սաուդյան Արաբիա ներկա լարվածության հիմնական պատճառը կապված է վերջին ամիսներին երկու երկրների կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքների դինամիկայի հետ։ Թեհրանը կարծում է, որ սեպտեմբերի կեսերից երկրում շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերի հետևում կանգնած են Վաշինգտոնը և Էր Ռիադը, ավելին Շիրազի Շահչերաղի դամբարանի ահաբեկչությունը ևս ի սկզբանե կապվում էր Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայությունների հետ։ Իսկ վերջին օրերին էլ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի մոտալուտ հարձակման մասին լուրերը վերջնականապես սրեցին երկու երկրների՝ առանց այն էլ ոչ հարթ հարաբերությունները»,-այս մասին Regionmonitor.com-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Թեհրան-Ռիադ հարաբերություններում աճած լարվածության թեման։
Փորձագետի կարծիքով՝ անցած տասնամյակների ընթացքում Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները մշտապես եղել են բավականին լարված վիճակում, ինչը կապված է տարածաշրջանում երկու երկրների հարաբերությունների մրցակցային բնույթով և քաղաքական, տնտեսական ու կրոնական հակասություններով։ Չնայած լարված հարաբերություններին, Իրանն ու Սաուդյան Արաբիան ժամանակ առ ժամանակ միջնորդավորված բանակցություններ են վարում՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ «Այնուամենայնիվ, սեպտեմբերի կեսերին կողմերի միջև լարվածությունը նոր աստիճանի հասավ այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ Իրանում ժողովրդական հուզումները հրահրվել են օտար ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից»,-նկատեց իրանագետը:
Խոսելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածության նոր ալիքի այլ պատճառների մասին՝ Բերուջանյանը նշեց․ «Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի վրա Իրանի մոտալուտ հարձակման մասին շրջանառվող լուրերը կտրուկ սրեցին Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը։ Այս լուրերը պայմանավորված էին այն բանի հետ, որ որոշ իրանական և օտարերկրյա լրատվամիջոցներ Իրանում շարունակվող ժողովրդական հուզումները և ահաբեկչական գործողությունները վերագրել էին Սաուդյան Արաբիային։ Ի լրումն, որոշ իրանցի բարձրաստիճան զինվորականներ և լրատվամիջոցներ սպառնացել էին Սաուդյան Արաբիային՝ հարձակվել ռազմավարական կարևոր օբյեկների, այդ թվում՝ նավթահորերի վրա։ Զուգահեռաբար, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Միացյալ Նահանգներին՝ նախազգուշացնելով երկրի վրա Իրանի մոտալուտ հարձակման մասին։ Ըստ էության, այս ամենը հանգեցրեց նրան, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև այլ երկրներ բարձարացրին իրենց զինուժի մարտական զգոնության մակարդակը։ Այդուհանդերձ, Իրանի ԱԳՆ խոսնակը հերքեց Սաուդյան Արաբիայի վրա հարձակման մասին լուրերն՝ նշելով, որ այս լուրերը Իրանի շուրջ բացասական մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում»։
«Նշվածի համատեքստում, ներկայում ականատես ենք նոր առճակատման Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, սակայն առայժմ դժվար է կանխատեսել դրա աճի դինամիկան՝ արդյոք այն կվերաճի լայնածավալ ռազմական բախումների։ Տեսականորեն չի բացառվում ոչ մի սցենար, այդ թվում՝ հաշվի առնելով Իրանի և Սաուդյան Արաբիայի մշտապես խնդրահարույց հարաբերությունները, գլոբալ և տարածաշրջանային լարվածությունը։ Չի բացառվում նաև, որ ներքին խնդիրները լուծելու համար Իրանը կփորձի հասնել բնակչության միասնությանը՝ հիմնվելով արտաքին քաղաքական և ռազմական սցենարների վրա՝ պոտենցիալ հակառակորդների շարքում կենտրոնանալով Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ ավանդական նաև ոչ ֆորմալ կառույցների վրա»,- եզրափակեց Բերուջանյանը։