Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Այս համատեքստում Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Մի շարք ընդդիմադիր թուրք և օտարերկրյա փորձագետների կարծիքով հերթական անգամ Թուրքիան փորձ է անում «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ավարտին հասցնել Սիրիայի հյուսիսի մի հատվածի օկուպացումը և թուլացնել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերը: Մի հատվածն էլ կարծում է, որ Թուրքիայի գործողությունները «լիովին արդարացված են»:
Մինչ այս պահը Թուրքիան Սիրիայի տարածքում վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել քուրդ զինյալների դեմ, որոնց հետևանքով Սիրիայի քրդերի վերահսկողության տակ եղած տարածքներն անցել են Թուրքիայի բանակի և վերջինիս կողմից աջակցություն վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:
Իրաքի հյուսիսային շրջաններում նույնպես Անկարան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացրել նախկինում: Մասնավորապես, Թուրքիայի օդուժը պարբերաբար օդային հարվածներ է հասցրել նշված հատվածում, որտեղ ըստ թուրքական մամուլի՝ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը:
Արձագանքներն, ըստ էության, տարբեր էին և առկա էին ոչ միանշանակ գնահատականներ:
Առաջինն արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը: Մասնավորապես Սիրիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայի ձևաչափով 19-րդ հանդիպման ժամանակ խոսելով թեմայի շուրջ կոչ արեց Թուրքիային զսպվածություն ցուցաբերել, նշելով.
«Կոչ ենք անում թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել լարվածության հետագա էսկալացիայից խուսափելու համար ոչ միայն հյուսիսային և հյուսիսարևելյան Սիրիայում, այլև ամբողջ երկրում»,- ասել էր Լավրենտևը հանդիպման սկզբում:
Սպիտակ տունն էլ տարբեր կերպ արձագանքեց Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողություններին Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ:
Մասնավորապես, Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին նշել էր.
«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց», ապա հավելեց, որ, այնուամենայնիվ, այս գործողությունները կարող են սահմանափակել Սիրիայի քրդական ուժերի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում»:
Իսկ ահա Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը մի կողմից կոչ էր արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը, մյուս կողմից նշել, որ գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:
ԱՄՆ-ից հարցին արձագանքեց նաև Պենտագոնը՝ հանդես գալով գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ և հավելելով, որ, թեև անվտանգային նկատառումներից ելնելով՝ Վաշինգտոնը նվազեցրել է Սիրիայում ամերիկյան զինանձնակազմի պարեկապահակային ծառայությունը, այնուամենայնիվ, ամերիկյան զորքերը դուրս չեն եկել Սիրիայից:
Միևնույն ժամանակ Պենտագոնի հայտարության մեջ նշված էր, որ ամերիկյան զինանձնակազմը տարհանվել է այն վայրերից, որտեղ Թուրքիայի օդային ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում:
Հարցին անդրադարձավ նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Կատրին Կոլոննան, նշելով, որ Փարիզը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը, սակայն Անկարայի ընտրած ուղին չի կարող լուծել հարցը:
Իրանը նույնպես հստակեցրել էր իր դիրքորոշումը վերջին իրադարձությունների առնչությամբ: Նախ արտգործնախարարության խոսնակի մակարդակով Սիրիայի դեմ ագրեսիա սկսելը կամ նրա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և դատապարտելի է որակվել: Նման դիրքորոշումը վերահաստատել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն՝ ընդգծելով, որ Սիրիայում ռազմական գործողության վերսկսումը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության ավելացնմանն ու իրավիճակի հետագա սրմանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից ռազմական նոր գործողության անցկացման մասին տարբեր մակարդակներից հնչող հայտարարություններն արվում էին Աստանայի ձևաչափով անցկացվող հանդիպմանը զուգահեռ: Ինչպես գիտենք, Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրները պարբերաբար քննարկում են սիրիական ճգնաժամի լուծման հնարավորությունները: Իսկ երաշխավոր երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Թուրքական կողմից հնչող հայտարարություններին կոշտ արձագանքել էր նաև Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը: Նա հայտարարել էր, որ ցանկացած հարձակում կամ ոտնձգություն Սիրիայի տարածքի նկատմամբ ինքնիշխանության խախտում է: Պաշտոնյան հավելել է, որ Սիրիան ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ իր սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Հարցին անդրադարձել են նաև Սիրիայի քրդական ուժերը: Մասնավորապես Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) իրենց հերթին կոչ են արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հնարավոր ցամաքային ռազմական գործողությունը:
SDF-ի ղեկավար Մազլում Աբդին շեշտել էր, որ Միացյալ Նահանգներից ավելի ուժեղ արձագանք է ակնկալում՝ չնայած տրվող հավաստիացումներին: Աբդին հավաստիացրել էր, որ սահմանին Թուրիքան աննախադեպ ամրաշինական աշխատանքներ է իրականացրել: Նա նաև հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողությունները դադարեցվել են SDF-ի դիրքերի վրա թուրքական օդային հարձակումների արդյունքում:
Հարկ է նաև նշել, որ SDF-ի խոսնակ Սիամանդ Ալիի տեղեկացմամբ՝ Սիրիայում ռուսական զորքերի ղեկավար Ալեքսանդր Չայկոն հանդիպել է Աբդիին։ Հաղորդվել էր նաև, որ ռուսները ներկայացրել են Թուրքիայի պահանջները SDF-ին, սակայն դրանք մերժվել են։
Թեմային անդրադարձել է նաև իսրայելական ու թուրքական մամուլը: Օրինակ՝ JPost հեղինակավոր պարբերականը մի շարք վերլուծություններ է ներկայացրել: Եթե ընդհանրացնենք, ապա հիմնական թեզը հետևյալն է. ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ձգտում է Սիրիայից դուրս մղել ԱՄՆ–ին: Չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ այս համատեքստում Թուրքիայի և Իրանի շահերը համընկնում են: Ըստ էության, Թուրքիան և Իրանը հարձակվում են քրդերի վրա մասամբ այն պատճառով, որ նրանք ցանկանում են հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց չեն ցանկանում ուղիղ կոնֆլիկտ ունենալ Վաշինգտոնի հետ:
Թուրքական իշխանական մամուլն էլ ողողված էր այս օրերին Էրդողանի՝ «Մենք մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» հայտնի խոսքերով, որոնց առհասարակ Թուրքիայի ղեկավարը մշտապես օգտագործում է որևէ ռազմական գործողություն իրականացնելուց առաջ:
Ընդգծվել էր նաև Թուրքիայում հաջորդ տարի անցկացվող ընտրությունների գործոնը, ինչպես նաև Սիրիայի սահմանամերձ շրջանների մեծ մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու երկարաժամկետ նպատակը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայից դուրս մղելու և քրդերին սահմանից հեռացնելու համար: Ըստ թերթի՝ դիտարկման՝ էթնիկ զտումների արդյունքում բուֆերային գոտի է ստեղծվելու, որը Անկարան կարող է օգտագործել որպես գործիք:
Արձագանքներից բացի՝ ուշագրավ էին նաև մամուլում շրջանառվող լուրերը՝ Ասադ-Էրդողան հանդիպման հնարավորության վերաբերյալ: Մասնավորապես, Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև մերձեցման ուղղությամբ ոչ թե ժամանակի խնդիր կա, այլ ցանկության: Ռուս պաշտոնյան նշել է, որ նման միտում նկատվում է Թուրքիայի նախագահի մոտ: Սակայն թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը խանգարում են Սիրիայի սուվերեն տարածքում Թուրքիայի ներկայությունը և նրա ցուցաբերած համակողմանի աջակցությունը սիրիական ընդդիմությանը:
Թեմային անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: Վերջինս նշել է, թե Մոսկվան միջնորդություն չի պարտադրում Անկարային և Դամասկոսին, պատրաստակամ է հանդիպում անցկացնել նախագահների միջև:
Ավելի ուշ Reuters-ը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, թե Բաշար Ալ-Ասադը մերժել է թուրք գործընկերոջ հանդիպման առաջարկը: Աղբյուրները նաև վստահեցրել են, թե Դամասկոսն «ուղղակի հետաձգում է հարցը», իսկ հանդիպումը կարող է կայանալ։
Թեմայի առնչությամբ հոդված է հրապարակել նաև Al Arabiya-ն՝ դարձյալ հղում կատարելով անանուն աղբյուրին: Աղբյուրը պնդել է, որ Մոսկվան ձգտում է հանդիպումն անցկացնել «հաշտեցման» քողի ներքո, որպեսզի խուսափի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունը: Նորություն էր այս գործընթացում Իրանի քողարկված գործոնը: Ըստ աղբյուրի՝ իրանական կողմն Ասադին մղում է դիմակայել ռուսական ճնշմանը՝ մեկնաբանելով, որ Թեհրանը դեմ չէ հանդիպմանը: Սակայն Թեհրանին անհանգստացնում է Ասադի և Էրդողանի միջև համաձայնություն հասնելու հարցում Մոսկվայի հաջողությունը, ինչը բացասաբար կանդրադառնա Սիրիայում Իրանի շահերի վրա: