Իսրայելի ֆինանսների ապագա նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական Սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեզալել Սմոտրիչը հայտնել է, որ իր տնտեսական ռազմավարությունը միահյուսվելու է Թորայում [խմբ.՝ Հին Կտակարանի առաջին 5 գրքերն են, որոնք սուրբ են համարվում նաև հուդդայականության մեջ] ամրագրված կրոնական համոզմունքներին: Նրա համոզմամբ՝ դա նպաստելու է երկրի բարգավաճմանը:
«Փորձարկվել են տնտեսական շատ տեսություններ, ճի՞շտ է: Փորձարկվել են կապիտալիզմը, սոցիալիզմը: Կա մի բան, որը չեն փորձել. «Եթե դու հնազանդվես»»,- ասել է Սմոտրիչը՝ նկատի ունենալով հրեական սուրբ գրությունը, որը մարդկանց կոչ է անում հետևել Աստծո կամքին:
Գործչի համոզմամբ՝ հավատացյալները՝ այդ թվում ինքը, հավատում են, որ «Իսրայելը որքան շատ Թորա, հուդայականություն, հողը բնակեցնելու պատվիրան և համերաշխություն քարոզի, այնքան Աստված առատություն կտա»:
Սմոտրիչի խոսնակը հաստատել է նրա մեկնաբանությունները:
Նշենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեռևս նոյեմբերի 1-ին: Բենիամին Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը հաղթել էր ընտրություններում, սակայն նոր Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար նա պետք է դաշինք կազմի քաղաքական այլ ուժերի հետ: Երեկ պարզ դարձավ, որ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը համաձայնության է եկել «Շաս» կուսակցության հետ՝ նախարարների պաշտոնների բաշխման առնչությամբ: Այս գործարքը Նեթանյահուին ապահովում է 64 տեղ՝ 120 հոգանոց Քնեսեթում:
Բեզալել Սմոտրիչը Նեթանյահուի կողմից նշանակվել է ֆինանսների նախարար երկու տարի ժամկետով: Այնուհետև նրան կփոխարինի Արյեհ Դերին, ով «Շաս» ծայրահեղ ուղղափառ կուսակցության ղեկավարն է: Իսկ առաջին փուլում Դերին նշանակվելու է Առողջապահության նախարարության և Ներքին գործերի նախարարության նախարարների պաշտոնում: Արյեհ Դերին զբաղեցնելու է նաև փոխվարչապետի պաշտոնը կառավարության 4 տարվա գործունեության ընթացքում: