Երևանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի հետ հարաբերություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եգիպտական Al Qahera News-ի հետ զրույցում:
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի հարաբերություններն արաբական երկրների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության վրա՝ շնորհիվ պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև այդ երկրներում հայկական մեծաթիվ համայնքների ներկայության:
Որպես ասվածի վկայություն՝ Միրզոյանը ուշադրություն է հրավիրել Արաբական պետությունների լիգայում իր ելույթին՝ շեշտելով, որ առաջին անգամն էր, երբ ՀՀ արտգործնախարարը ելույթ էր ունենում ԱՊԼ-ի նախարարական նիստի ընթացքում:
«Իհարկե, նման որոշումն ընդունվել է Արաբական պետությունների լիգայի շրջանակներում բոլոր անդամ երկրների կոնսենսուսով, ինչն արդեն իսկ վկայում է Հայաստանի և լիգայի բոլոր անդամների միջև քաղաքական որոշակի փոխըմբռնման մասին»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: