ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Այս առիթն օգտագործելով ցանկանում եմ, նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ:
Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու է մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:
«Ինչպես նշեցիք, մեր հարաբերություններն, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը:
Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»,- ասել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները:
Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարար իրավունքների և սկզբունքների վրա: