Հոկտեմբերի 20-ին մահացել է պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար, Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթհուլլահ Գյուլենը։ Այս մասին առաջինը հայտնեց Գյուլենին պատկանող «Herkül» կայքը, ապա լուրը հասատեց Գյուլենի զարմիկը՝ Էբուսսեմե Գյուլենը։ Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ Գյուլենի մահվան լուրը հաստատել է նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT)։ Վերջինս 83 տարեկան էր և 1999 թ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր ԱՄՆ և մինչև օրս բնակվում էր Փենսիլվանիա նահանգում։ Որպես մահվան պատճառ հարազատները նշել են սրտանոթային հիվանդությունը։
Նա ծնվել է 1941թ․ ապրիլի 27-ին Էրզրումի Փասինլեր շրջանի Քորուջուք գյուղում (ըստ որոշ աղբյուրների՝ 1938թ․ նոյեմբերի 11-ին)։ Ֆեթհուլլահ Գյուլենը, ում հայրը իմամ էր, կիսատ է թողել տարրական դպրոցը և հաճախել «մեդրեսե»։ Նրա զինվորական ծառայությունն անցել է Անկարայում։ Գյուլենի բանակում ծառայելը համարվում էր թուրքական հետախուզություն ներթափանցելու առաջին փորձը։ Գյուլենը բանակում ծառայել է որպես հետախույզ-ռադիոօպերատոր։ Պնդում կա, որ նա իր ձեռք բերած տեղեկությունները հետագայում օգտագործել է իր կազմակերպության ստեղծման համար։
Հատկանշական է, որ Գյուլենը բազմաթիվ կապեր է ունեցել տարբեր ժամանակներում Թուրքիայի իշխող շրջանակների, ուժային կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ և, ըստ թուրքական լրատվամիջոցների, նրա խոսքը ազդեցիկ է եղել վերջիններիս համար։ Գյուլենի գործունեությունը չի սահմանափակվել միայն Թուրքիայում։ Նրա գործունեության աշխարհագրությունը ընդլայնվել է Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկա աշխարհամասում։
Նա մի շարք իսլամական ուղվվածության դպրոցներ է բացել և ֆինանսավորել դրանք։ Թուրքական «Օսմանյան օջախներ» (Osmanlı ocakları) կազմակերպության նախագահ Հայրուլլահ Բեյազըթը տարիներ առաջ հայտարարել էր անգամ Ֆեթհուլլահ Գյուլենի հայ լինելու մասին: «Մեր կատարած ուսումնասիրություններն ապացուցել են, որ Գյուլենը զտարյուն հայ է, եղբոր անունը Մեսիհ է (Քրիստոս), մոր անունը՝ Ռաբին»,-ասել էր նա և առաջ քաշել այն վարկածը, թե իբր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում «ակնհայտ է եղել» Ֆեթհուլլահ Գյուլենի դերակատարությունը:
Գյուլենը ժամանակին եղել է Էրդողանի մերձավորներից և վերջինս շնորհիվ ներթափանցել է Թուրքիայի պետական տարբեր կառույցներ։ Գյուլենականները բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական ապարատում։ Սակայն Էրդողանի և Գյուլենի միջև հարաբերությունները վատթարացան 2012թ․-ից։ Կառավարությունը սկսեց բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող գյուլենական համայնքի ներկայացուցիչների հեռացման գործընթացը։ 2012 թվականի փետրվարին Ստամբուլի գլխավոր դատախազությունը «PKK-ի հետ բանակցությունների» պատճառով ցուցմունք տալու համար կանչել էր այն ժամանակվա Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին (այժմ Թուրքիայի ԱԳ նախարար)։ Այս միջադեպը մեկնաբանվել էր որպես «Ֆեթհուլլահականների դատական համակարգի անդամները պատերազմ են հայտարարել MİT-ի դեմ»։ Այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանեց Հաքան Ֆիդանին՝ ասելով, որ վերջինս շատ գաղտնապահ է և անվերապահորեն վստահում է նրան։
Գյուլենի դեմ պայքարը մեծ թափ ստացավ հատկապես 2013թ․-ի դեկտեմբերի կեսերին, երբ Էրդողանի, վերջինիս որդիների, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հեռախոսային զրույցների ձայնագրությունները հայտնվեցին համացանցում։
Գյուլենական շարժումը թուրքական սոցիալ-կրոնական շարժում է, սակայն հաճախ կոչվում է «Հիզմեթ» (ծառայութուն): Շարժման հիմքում չափավոր իսլամի, հանդուրժողականության, միջկրոնական երկխոսության, իսլամի ու ժողովրդավարության համատեղելիության գաղափարներն են:
Թուրքիան 7 անգամ ԱՄՆ-ից պահանջել է Գյուլենի արտահանձնումը, սակայն ԱՄՆ-ն բոլոր հայցերը թողել է անպատասխան։ Թուրքիայի արտահանձնման պահանջում Գյուլենը մեղադրվում է 27 տարբեր հանցագործությունների համար։ Նա մասնավորապես մեղադրվում է Նեջիփ Հաբլեմիթօղլուի սպանության, «դավադրության գործեր» կազմակերպելու, ինչպիսիք են Էրգենեքոնը (Թուրքիայում ահաբեկչական համարվող քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը), Բալյոզը, Փոյրազքյոյը և ռազմական լրտեսությունը, որոնք ստիպեցին թուրք փոխգնդապետ Ալի Թաթարին ինքնասպանության, Հրանտ Դինքի սպանության և բազմաթիվ այլ հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ, ինչպես նաև ուժային և դատական համակարգերում, ինչպես նաև մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար:
Գյուլենի համայնքը պատասխանատվություն կրեց 2013թ․ դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Դրան հաջորդեց համայքի անդամների ձերբակալությունների շղթան՝ «գյուլենականների որսը»։ Նրա կառույցը Անկարայի կողմից պաշտոնապես ահաբեկչական է ճանաչվել 2014թ․ ապրիլի 30-ին։
2016թ․-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո նրա դեմ դատական գործ է հարուցվել «Ֆեթհուլլահական ահաբեկչական կազմակերպության պարագլուխ» լինելու համար։ 2017թ․-ին Գյուլենը զրկվել էր Թուրքիայի քաղաքացիությունից։
Գյուլենի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում
Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան լուրը մեծ ուրախությամբ է ընդունել Թուրքիայի իշխող ուժը։ Որոշ վերապահումներով գրեթե նույն կերպ են արձագանքել ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակները։
«Այս կազմակերպությունը դարձել է մեր ժողովրդի պատմության մեջ հազվադեպ հանդիպող սպառնալիքի օջախ։ Նա սրբազան արժեքների անվան տակ մեր հազարավոր երիտասարդներին խաբելով համալրել է իր շարքերը և այդ երիտասարդներին մի այնպիսի մեքենայի է վերածել, որոնք դավաճանում են իրենց հայրենիքը, ազգը և սուրբ արժեքները»,-նման կերպ է արձագանքել Ֆիդանը: Վերջինս նաև կոչ է արել կազմակերպության հարող շրջանակներին հետ կանգնել սխալ ուղղուց, քանի դեռ ուշ չէ։
Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան կապակցությամբ հայտարարություն է հրապարակել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Այս դավաճանը մահացել է որպես «անհայրենիք» և այդպիսին մնալու է հավերժ, չնայած դա չի կարող մեղմել այս կառույցից տուժող մեր քաղաքացիների ցավը, սակայն օրինակ է հայրենիքը դավաճանողների անխուսափելի վախճանը ցույց տալու առումով»,-նշվել է հայտարարությունում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այս կապակցությամն սոցցանցում գրառում է արել. «Ձեր (նկատի ունի Էրդողանին-խմբ․) գործընկերը, ում հետ դուք դավաճանության դաշույնը խոցել եք պետության սիրտը, մահացել է, ըստ երևույթին, նրա հետ մեր հաշիվը մնացել է անդրշիրիմյան կյանքում»։ Քըլըչդարօղլուն հույս է հայտնել, որ Էրդողանի՝ նախքան այն աշխարհ գնալը, վերջինիս հետ կհասցնեն մաքրել հաշիվները։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ 2016թ․-ի հուլիսի 15-ից գյուլենականների դեմ 178 հազար 406 օպերացիա է իրականացվել։ Նրա խոսքով՝ վճռական են շարունակելու պայքարը գյուլենական համայնքի դեմ։
Հարկ է նշել, որ Էրդողանը իր նախկին մերձավորի մահվան կապակցությամբ դեռևս որևէ հայտարարությամբ կամ գրառմամբ հանդես չի եկել (մինչև հոդվածի հրապարակումը)։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության լուրերի բաժնի (Trthaber) հաղորդավար Օյա Էրեն Օզքjանը Գյուլենի մահվան լուրը հետևյալ կերպ է հայտնել. «Նա իր ամբողջ կյանքը անցկացրել է Թուրքիայի Հանրապետության դեմ դավեր պատրաստելով։ Նա Թուրքիայի թշնամին էր, թուրքերի թշնամին, կրոնի թշնամին»։
Մի շարք ներկա և նախկին զինվորականներ նրան սոցցանցում կատարած գրառմամբ «դժողք» են ճանապարհել։
Թուրքական իշխանական լրատվամիջոցները շտապել են հարցազրույցներ անել հեղաշրջման փորձի հետևանքով տուժած ընտանիքի անդամների հետ։ Միջանկյալ նշենք, որ 2016թ․-ի հեղաշրջման փորձի դիմակայության ժամանակ մահացել էր ավելի քան 250 և վիրավորվել շուրջ 2200 մարդ։ Հեղաշրջման փորձի ժամանակ վիրավորած Մուսա Իլհանը պնդել է, որ Գյուլենը ծառայել է սիոնիզմի համար։ Ալի Օրուչը, որի որդիները մահացել էին դիմակայության ժամանակ, լուրը ուրախությամբ է ընդունել, և ասել․ «Թող դժողքի կրակներում այրվի։ Աշխարհը փրկվեց ևս մի տականքից»։
Չնայած որ Գյուլենը կտակել էր, որ իրեն հողին հանձնեն Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին, սակայն դա բացառված է, թուրքական իշխանությունները միանշանակորեն թույլ չեն տա։ Ըստ թուրքական իշխանամերձ Յենիշաֆաք պարբերականի, կազմակերպության ներսում ընդհանուր որոշում է կայացվել, որ Գյուլենի գերեզմանը չպետք է հայտնի լինի։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ ըստ ծրագրի՝ թաղման աղոթքը կկատարվի ընդամենը մի քանի հոգու մասնակցությամբ, և նրան կհուղարկավորեն կազմակերպության ԱՄՆ-ի թևի ղեկավար Ջևդեթ Թյուրքյոլուի փեսայի տան անտառային տարածքում։ Ենթադրվում է, որ գերեզմանն այս կերպ անվտանգ կլինի։
Հեղինակ` թուրքագետ ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ