Երևանում հանրային տրանսպորտի միասնական վճարային համակարգի անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև փետրվարի 1-ը կպահպանվեն «Telcell Wallet» էլեկտրոնային դրամապանակի և «Telcell» վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ սակագներով։
Այս մասին հիշեցրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Գրառման մեջ կրկին ընդգծվում է, որ 2025 թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելուն պատրաստ լինելու համար, ըստ Կոստանյանի, նախապես անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել արդեն այսօր։
««Transport.yerevan.am» կայքի միջոցով կարող եք ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն»,- գրել է քաղաքապետի խոսնակը։
Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը անհրաժեշտ է ստուգել, որ ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում պետք է լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը, իսկ ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կարևոր է հաշվի առնել նաև, որ «Apple Pay»-ով կամ «Google Pay»-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։
Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել համանուն կայքում, անցնել առցանց նույնականացում, արտոնյալ խմբին, պատկանելիությունը հաստատելու պարագայում, տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։
Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած հունվարի 8-ից ամեն օր՝ ժամը 10:00-21:00-ն գործելու են «Telcell» ընկերության սպասարկման կետերը (հասցեներին հնարավոր է ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։
Սպասարկման կետերի միջոցով քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային քարտ, անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար, արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։
Գումարը կարելի է հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել «Telcell» ընկերության սպասարկման կետերում։
Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։
«Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով»,-ասված է Կոստանյանի գրառման մեջ։
Նրա տեղեկացմամբ՝ մոտ օրերին արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Առաջիկա օրերին կհայտարարվի նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ«transport.yerevan.am» կայքի միջոցով։