Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում Արաղչին Պուտինին է հանձնել Իրանի հոգևոր առաջնորդի գրավոր ուղերձը և ներկայացրել Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ։
Արաղչին, կարևորելով Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը որպես երկու երկրների համագործակցության առանցքային դրսևորում, ընդգծել է Իրանի պատրաստակամությունը բոլոր մակարդակներում խորացնելու ու զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը իր բարեմաղթանքներն է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին և շեշտել Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների կապերի ամրապնդումն ու տարածաշրջանային և միջազգային հարցերում համատեղ գործողությունները ծառայում են երկու ժողովուրդների շահերին և նպաստում են խաղաղությանն ու կայունությանը։ Հանդիպման ընթացքում, երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, առկա սպառնալիքներ, Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաև միջուկային և միջազգային այլ հարցեր։
Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում Իրանի դեսպանատանը Իրանի բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը և այցի նպատակները։
«Այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը ՌԴ նախագահին փոխանցելն էր։ Նամակը ներառում էր մի շարք կարևոր թեմաներ՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Պուտինը նամակն ընթերցեց հենց հանդիպման ժամանակ, որից հետո ես ներկայացրի լրացուցիչ բացատրություններ, և մենք ունեցանք մանրամասն քննարկում երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շուրջ», – հայտնել է Արաղչին։
Նա նշել է, որ քննարկվել են նաև Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող ոչ ուղիղ բանակցությունները և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը լուրջ է մոտենում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, ու թեև ԱՄՆ-ից ստացվող ուղերձները հակասական են, Իրանի դիրքորոշումը հստակ է և չի փոխվում։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ շաբաթ օրը Հռոմում շարունակվելու են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները, սակայն միջնորդն Օմանն է լինելու։ Արաղչին շեշտել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ պատրաստ են օգնել բանակցություններին, և Իրանը բաց է դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծելու համար։





