«Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Ետվարտ Տանձիկյանի «Փաշինյանի այցը և սպասելիքներ» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցին:
Տանձիկյանը հոդվածում պատմական ակնարկ է անում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ հիշատակելով մի շարք ՀՀ ղեկավարների այցը Թուրքիա, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Ստամբուլ: Սակայն ըստ Տանձիկյանի՝ ՀՀ առաջին նախագահի այցը, այդքան էլ ճիշտ չէ անվանել «այց Թուրքիա», քանի որ նա այցելել էր Ստամբուլ Սևծովյան տնտեսական համագործակցություն նիստին մասնակցելու նպատակով: Այնուհետև հեղինակը հիշատակում է « ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանը, ինչպես նաև այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի փոխադարձ այցերը:
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ նշվել է, որ Փաշինյանը Թուրքիայի հետ վերջին անգամ Նյու Յորքում հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի հանդիպումների շրջանակում։ Սա կարելի է համարել ամենաընդգրկուն հանդիպումը։ Սակայն այս հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում։ Ուստի, ուրբաթ օրվա այցն առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը գալիս է Թուրքիա: (չհաշված Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը): Ըստ Տանձիկյանի՝ կայանալիք հանդիպումը «պաշտոնական չէ, աշխատանքային է»:
Այսպիսով, ո՞րը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով: Դիտարկենք իրավիճակը Հայաստանի տեսանկյունից։
1.Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, բայց մինչ Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ սահմանային անցակետերի արդիականացում, ամիսներ շարունակ թուրքական կողմից որևէ գործողություն չի նկատվում։
2.Թուրքիան ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կօգնի կարգավորման գործընթացի առաջընթացին։ Այսինքն՝ Թուրքիան իրականում նախապայման է առաջադրում՝ չնայած «առանց նախապայմանների» հայտարարություններին։
3.Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Բաքուն նույնպես այդ մասին հայտարարություններ է արել, սակայն Ալիևի վարչակազմը լրացուցիչ պարտադրող պայմաններ է առաջադրում։ Ինչպես օրինակ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը…
4.Այս ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի հարցում համառ են։ Միջանցք, որը կկապի Նախիջևանն ու Ադրբեջանը և կանցնի Հայաստանի տարածքով, բայց չի գտնվի Հայաստանի վերահսկողության տակ։ Անկարան և Բաքուն սա անվանում են «Զենգեզուրի միջանցք»:
5.Հայաստանը բնականաբար դեմ է մի միջանցքի, որն անցնելու է իր տարածքով, բայց չի լինելու նրա վերահսկողության տակ։ Հայաստանը մշակել է ճանապարհների բացման ավելի ընդգրկուն ծրագիր և այն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»:
6.Այս միջանցքին նաև դեմ էր Իրանը և դա կարևոր երաշխիք էր Հայաստանի համար։ Իրանը հասկանում էր, որ եթե այս միջանցքը բացվի Թուրքիայի և Ադրբեջանի ուզած ձևով, ապա իր սահմանը Հայաստանի հետ կփակվի, և ասում էր․ «Մենք չենք ցանկանում փոփոխություն մեր սահմանում»։
7.Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բավականին սառն են։ Դրան բնականաբար ազդում են Ադրբեջանի և Իսրայելի միջև տնտեսական և ռազմական հարաբերությունները։ Բացի այդ, Իրանում նաև կարևոր թվով ադրբեջանցի բնակչություն կա։ 8- Հայաստանը, բնականաբար, տեսնում է, որ տարածաշրջանում իր ամենակարեւոր դաշնակիցը բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի վրա Իսրայելի համակողմանի հարձակման հետ կապված։
9.Դա, իհարկե, տեսնում են նաև Անկարան և Բաքուն։
10.Այս ողջ իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ երբեմն քողարկված, երբեմն էլ բացահայտ սպառնալիքները շարունակվում են, Հայաստանը իրեն ավելի անապահով է զգում։ Մանավանդ որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ առավելագույնս սառեցված են։
Այս հավասարության պայմաններում՝ Փաշինյան–Էրդողան հանդիպումը ի՞նչ երանգով կարող է անցնել։ Հնարավոր է՝ Էրդողանը Փաշինյանին ասի. «Զանգեզուրի հարցում այլևս մի դիմադրիր, մի լուծում գտնենք»։ Մենք պարտավոր ենք այդ հնարավորությունը հաշվի առնել։
Երկրորդ հավանականությունն այն է, որ մինչ տարածաշրջանը վերածվել է կրակի, կարելի է հիմք փնտրել, որը հաշվի կառնի Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները հարաբերությունների կարգավորման և զարգացման համար։
Հուսանք, որ երկրորդ հնարավորությունը կշիռ կստանա, և Թուրքիայի և Հայաստանի միջև «կարգավորման» գործընթացը արագանա, սահմանը բացվի, տնտեսական հարաբերությունները սկսվեն, և Անկարայի և Երևանի միջև «Բաքվի էմբարգոն» վերջնականապես չեղարկվի։








