Շատ լավ հասկանալով և գնահատելով Վաշինգտոնյան գործընթացի քարոզչական և բովանդակային շերտերը(գործընթացի մասնակից երեք դերակատարների դեպքում էլ)՝ այնուամենայնիվ պետք է ամրագրել․ տեղ գտած պայմանավորվածություններն Ադրբեջան-Հայաստան գործընթացում որքան որևէ շրջափուլի ամփոփում են, այլ շատ ավելի՝ գործընթացի շարունակություն որակապես նոր՝ արդեն քաղաքական հարթությունում՝ առանց ուժի սպառնալիքի կիրառման ադրբեջանական հայտնի գործիքի առժամանակ կիրառման հնարավորության և խաղի նոր կանոնների հիման վրա։
Ըստ այդմ․
1.Վաշինգտոնյան փաստաթղթերը բովանդակային, իրավական, քաղաքական, տնտեսական առումներով փոխարինում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրան համակցված եռակողմ ձևաչափին՝ կողմերի համար ֆիքսված հնարավորություններով և հետևանքներով հանդերձ։ Ի դեպ, Իլհամ Ալիևը, իրեն բնորոշ արևելյան առևտրականի շողոքորթությամբ, մինչև անցած տարեվերջ նույնպիսի շռայլախոսություն էր դրսևորում նաև Ռուսաստանի նախագահի հասցեին․․․
2.Հայկական կողմը պետք է կրկնապատկի ջանքերը խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ․ փաստաթղթի նախաստորագրում ենթադրում է ընդամենն ամիսներ առաջ փոխհամաձայնեցված տեքստի հաստատում, առանց կողմերի համար իրավական հետևանքների պարունակման։
3. Ապաշրջափակման հարցում պետք է հետևողականորեն առաջ մղել փոխադարձության սկզբունքը։
4. Խաղաղության ամրապնդման ճանապարհին պետք է անընդհատ օրակարգում պահել հումանիտար խնդիրների լուծումը՝ Ադրբեջանում պահվող/ազատազրկված հայ գերիների, անձանց վերադարձի հարցը։
5. Որևէ կերպ չպետք է հետաձգել սահմանազատման՝ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման հարցը։
6. Գործընթացի համար հավելյալ խնդիրներ չստեղծելու համար փոխադարձաբար պետք է հրաժարվել պաշտոնական և քարոզչական մակարդակում թշնամական հռետորաբանությունից։
7. Հայկական կողմը, Վաշինգտոնյան գործընթացի հիմքով, պետք է հետևողական լինի Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում առնվազն 2022թ․-ից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
8. Պետք է ակտիվ և շարունակական դիվանագիտական երկխոսություն ապահովել Հարավային Կովկասում տարաբնույթ շահեր ունեցող դերակատարների հետ(Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, ԵՄ/Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան և այլն)՝ գործընթացի վրա կանխատեսելի արտաքին ազդեցությունները հնարավորինս կառավարելու համար․․․
Շարունակելի․․․
Հ․Գ․ Վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության տարածումից անմիջապես հետո հնչեցրածս գնահատականներում հիմնականում չէի սխալվել կողմերի ակնկալիքների մասով։ Մեկնաբանությունների հատվածում կտեղադրեմ նաև այդ հատվածը։
Արմեն Պետրոսյան








