Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարել Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի, Հայաստանի կողմից պայմանները չկատարելու դեպքում հետևանքների և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմաներին:
Ալիևը նշել է, որ մոտ ապագայում կիրականացվի «Զանգեզուրի միջանքը»:
«Այժմ, երբ նախագահ Թրամփը իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում: Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, ես նկատի ունեմ երկաթուղին, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի մեծ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Հայաստանին կարող է ևս մի քանի տարի անհրաժեշտ լինել»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի ոչ միայն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցք, այլև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք։
«Ռուսաստանից դեպի Իրան՝ Ադրբեջանով մեկ Հյուսիս-Հարավ ճանապարհի փոխարեն մենք կունենանք մեկ այլ՝ Ռուսաստանից դեպի Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան և ավելի հեռու՝ դեպի Իրան։ Այսպիսով, կարծում եմ, որ սա կլինի շահեկան իրավիճակ ամբողջ տարածաշրջանի համար, և այստեղ պարտվողներ չեն լինի»,-ասել է Ալիևը՝ միաժամանակ վսհատեցնելով, որ դա սպառնալիք չէ Իրանի անվտանգությանը։
Ալիևի խոսքով՝ «եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։
Դժվար է ասել, և ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին: Բայց, կրկին, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը: Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը խորհրդարանական ընտրություններ են լինելու: Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա: Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց սա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար: Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից: Եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները….Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բոլոր առումներով բացարձակապես մեր օգտին է»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը՝ Ալիևը նշել է, որ Մինսկի խմբի լուծարումը բանակցությունների առաջին իսկ փուլերում Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմաններից մեկն էր:
«Մեր տրամաբանությունը հիմնված էր այն փաստի վրա, որ Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Հետևաբար, երբ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և երբ նրանք ասում են, որ հակամարտությունն ավարտվել է, դա նշանակում է, որ Մինսկի խմբի իրավական գոյությունն աբսուրդ է։ Եվ եթե նրանք պնդում են այն պահպանելու վրա, դա նշանակում է, որ նրանք դեռևս տարածքային պահանջներ ունեն Ղարաբաղի նկատմամբ»,-պարզաբանել է Ալիևը։