Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ առաջիկա օրերին Երևանում տեղի կունենա իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։
Ռուբինյանի խոսքով՝ քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ամբողջ օրակարգը․ «Կխոսենք թե՛ արդեն կատարված քայլերի, թե՛ դեռ ընթացքի մեջ գտնվող գործընթացների մասին։ Մեր վերջին հանդիպումից հետո քննարկումներ եղան Կարս–Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի շուրջ»,–նշել է նա։
Ռուբինյանը հավելել է, որ օրակարգում ներառվել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման թեման։ Ըստ նրա՝ գլխավոր և համընդհանուր հարցը, բնականաբար, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։
«Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը վերաբերում է փակ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Բնականաբար, երկկողմ քննարկումների հիմնական նպատակը հենց սա է»,– նշել է Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերդար Քըլըչի հետ հանդիպման ժամանակ սահմանների բացման հարցը քննարկվելու՞ է, թե ոչ։