Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կատարական «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Իսրայելի ու ԱՄՆ միջև պատերազմի հավանականությանը, հայտարարել է, որ այդ հավանականությունը միշտ եղել է և հիմա էլ կա: «Մեզ համար դիվանագիտությունն է առաջնահերթություն, սակայն ցանկացած այլ իրավիճակի ևս պատրաստ ենք»,-նշել է նա:
Արաղչին ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի, և եթե անգամ վերացնեն միջուկային օբյեկտներն ու սարքավորումները, գիտելիքն ու տեխնոլոգիաները չեն կարող վերացնել: «Իրանի միջուկային ծրագիրը վերացող չէ, սակայն, այո՛, միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ հարձակումը հաջողված է եղել, և դրանք մեծ վնասներ են կրել»,-հավելել է Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, և ԱՄՆ-ն նորից հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա Իրանն էլ ԱՄՆ բազաների վրա հարձակում կգործի: «Կապ չունի, թե որտեղ կգտնվի այդ բազան: Մենք մեր հարևանների հետ բարեկամաբար ենք ապրում և որևէ խնդիր չունենք Կատարի կամ տարածաշրջանի մյուս երկրների հետ, սակայն, ցավոք սրտի, ԱՄՆ-ն բազաներ ունի որոշ երկրներում: Այդ իսկ պատճառով մեր պատերազմն ԱՄՆ հետ է լինելու, մեր հարձակումն ամերիկյան բազաների վրա է լինելու, ոչ թե տվյալ երկրի»,-ասել է Արաղչին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնությունը հնարավոր է համարում, եթե կողմերը հարգեն միմյանց իրավունքներն ու փոխադարձ շահերը:
Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էին անցկացնում, երբ Իսրայելը հունիսին հարձակվեց Իրանի վրա: Պատերազմը տևեց 12 օր, և դրան ներգրավվեց նաև ԱՄՆ-ն՝ հարվածներ հասցնելով Իրանի ամենագլխավոր ստորգետնյա միջուկային օբյեկտներին: Ի պատասխան՝ Թեհրանն էլ հարվածեց Կատարում ԱՄՆ ռազմաբազային:








