Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, այս մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած առանձնազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել առանձնազրույցից։ Մասնավորապես, ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։ Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։ Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում»։
Պուտինի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են, իսկ առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Նա նշել է, որ եթե 2024 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 4,5 միլիարդ։ Նրա խոսքով՝ սա լավ ցուցանիշ է և հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում այն կավելացվի։ ՌԴ նախագահը նշել է նաև, որ կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտը, այդ թվում՝ ատոմային էներգետիկան, ինչպես նաև լոգիստիկայի ոլորտը։ Նա հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ընթացքում բարձրացվել են հին երթուղիների վերականգնման և նոր երթուղիների ստեղծման հարցեր, որոնք կարող են բացել Հայաստանի սահմանները։
Իր հերթին վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ նշելով, որ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում անցկացվել են հագեցած և արդյունավետ երկու օրեր, որոնց ընթացքում ընդունվել են կարևոր որոշումներ։ Վարչապետը նշել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր և դրական զարգացումներ և շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերվող աջակցության համար։
Փաշինյանը ընդգծել է, որ ձեռք բերված խաղաղությունն արդեն իսկ նոր հնարավորություններ է բացել հայ–ռուսական հարաբերությունների համար, ինչի վկայությունն է Ռուսաստանից դեպի Հայաստան գնացքների շարժը Ադրբեջանի տարածքով՝ նշելով, որ դա պատմական իրադարձություն է։ Նա նշել է նաև Հայաստանի տարածքում մի շարք երկաթուղային հատվածների՝ Իջևանի, Երասխի և Ախուրիկի ուղղություններով վերականգնման օրակարգի հասունացման մասին՝ ընդգծելով, որ թեև քաղաքական որոշումներ դեռևս չկան, սակայն անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ վարում է կառուցողական երկկողմ բանակցություններ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են տարածաշրջանի համար և առնչվում են նաև Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին։







