Իրանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ աճի և ազգային արժույթի շարունակական արժեզրկման պայմաններում մեկնարկել են բողոքի ակցիաներ։ Ցույցեր են անցկացվում Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում։ Ցուցարարները բողոքում են կենսամակարդակի անկման, գնաճի և տնտեսական անորոշության դեմ՝ նշելով, որ դոլարի թանկացումն ուղղակիորեն ազդում է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղորայքի և ծառայությունների գների վրա։ Որոշ դեպքերում հնչեցվել են նաև հակակառավարական կոչեր և քաղաքական պահանջներ։
Իրանի գլխավոր դատախազ Մոհադդի Մովահեդին հայտարարել է, որ տնտեսական բնույթի խաղաղ բողոքները հասկանալի սոցիալական երևույթ են, սակայն ցանկացած փորձ՝ դրանք վերածելու անվտանգությանը սպառնացող գործողությունների կամ հանրային գույքի վնասման, կստանա օրինական, համաչափ և վճռական պատասխան։ Նա ընդգծել է, որ կազմակերպված կերպով սոցիալական դժգոհությունը շահարկելու փորձերը անթույլատրելի են, միաժամանակ նշելով, որ թերի կառավարումը կամ պաշտոնատար անձանց անգործությունը նույնպես կարող են հանգեցնել իրավական պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հաղորդվել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադռեզա Ֆարզինի հրաժարականի մասին։ Նրա փոխարեն Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակվել Աբդոլնասեր Հեմաթին։
Բողոքի ակցիաների ընթացքում որոշ վայրերում արձանագրվել են ձերբակալություններ, իսկ առանձին աղբյուրների փոխանցմամբ՝ կիրառվել է արցունքաբեր գազ։
Բացի այդ, բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է տվել Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Սանաեին։ Տեղեկությունը հաստատել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։ Հրաժարականի պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։







