Կառավարության որոշմամբ պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Նիստի ընթացքում հայտարարվել է, որ այսուհետ հայտարարագիրը նախապես լրացվելու է հարկային մարմնի կողմից՝ իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչ այժմ քաղաքացիների 70 և ավելի տոկոսը որևէ լրացուցիչ տվյալ չի մուտքագրել և պարզապես հաստատել է այն հայտարարագիրը, որը ավտոմատ ձևով գեներացվել է համակարգի կողմից։
«Մենք էլ մտածեցինք, որ եթե մարդկանց 70 տոկոսը բան չի ավելացնում և ինքնաշխատ ձևով գեներացվում է, ինչու ենք մենք այդ լրացուցիչ գործողությունը պահում»,- ասել է նա։ Միաժամանակ վարչապետը ընդգծել է, որ առկա է մոտ 30 տոկոս քաղաքացիների խումբ, որոնք լրացուցիչ տվյալներ են ներկայացնում, հետևաբար նրանք պետք է մուտք գործեն համակարգ և հաստատեն հայտարարագիրը, հակառակ դեպքում այն կհամարվի չհաստատված։
Փաշինյանը նշել է նաև, որ գործընթացը կապ ունի սոցիալական կրեդիտների համակարգի հետ, և առկա են լրացուցիչ գործողություններ, ինչի համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։
Այլ ձևակերպմամբ՝ սոցիալական ծախսի փոխհատուցումը ֆիզիկական անձին իրականացվում է այն դեպքում, երբ վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը՝ հայտարարագիրը։
Վարչապետի տեղեկացմամբ՝ 2025-ի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում 76.537 քաղաքացի ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն՝ նշված գումարը վերադարձվել է քաղաքացիներին։
«Մեկ հայտատուի համար միջին գումարը կազմել է 81.000 դրամ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հնարավոր է լինեն եկամտի բարձր մակարդակ ունեցող խավեր, որոնց համար տարեկան 100.000 դրամ սոցիալական կրեդիտի վերադարձը տրամաբանական չլինի։
«Գուցե կլինեն խավեր, շերտեր, որ մեծ եկամուտներ ունեն, և նրանց ասվի՝ տարեկան 100.000 դրամ սոցիալական կրեդիտ ենք ձեզ վերադարձնում, այնքան էլ տրամաբանական չէ։ Այդ խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղղենք այն շերտերի ու խավերի ուղղությամբ, որ դրանց կարիքն ավելի շատ ունենք»,-նշելէ Փաշինյանը։








