Հայաստանում ապրիլից կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումը վերաբերելու է 667 հազար մարդու, շատ քիչ դեպքերում բարձրացումը կարող է լինել 7-8 հազար դրամ:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով որոշ շրջանակներից կողմից բարձրացված մտահոգությանը, թե ինչո՞ւ մինչև ընտրությունների նախաշեմը Կառավարությունը չէր բարձրացնում կենսաթոշակները՝ նախարարն ասաց, որ մինչ այս պահը կենսաթոշակները և նպաստները բարձրացրել են այլ եղանակով՝ հետվճարի եղանակով, մի քանի տարի առաջ եղել է ուղիղ բարձրացում, նաև այլ առավելություններ են տրվել 65-ն անց կենսաթոշակառուներին, օրինակ, առողջության ապահովագրություն և այլն:
«Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել: Դա 2025 թվականին մեր գրանցած տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության այլ հետևություններ անել, նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ավելի ռիսկային էին թվում: Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը վերաբերում է 667 հազար մարդու, բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ՝ կերակրող կորցնելու կենսաթոշակը և այլն: Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7 կամ 8 հազար դրամ: Այս դեպքում խոսքը փոքրաթիվ քաղաքացիների մասին է, որոնք ստանում են արդեն իսկ բարձր կենսաթոշակ, միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիներին է սա է վերաբերվում»,-ասաց նախարարը:
Բյուջետային ծախսը, որն անհրաժեշտ կլինի այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինի մոտ 80 մլրդ դրամի շրջանակներում: Թորոսյանի խոսքով՝ Կառավարությունն այդ գումարն ունի, և վերաբաշխումների միջոցով դրանք կտեղափոխեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե:
Կենսաթոշակների այս բարձրացման համար լինելու է մի քանի որոշում, դրանք կընդունվեն Կառավարության առաջիկա նիստերին:
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրանալու են։








