Եվրոպան ձմեռային սեզոն է մտնում գազի պաշարների պատմականորեն ցածր մակարդակով և խոցելի է մատակարարման նոր խափանումների նկատմամբ։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը խաթարել է էներգակիրների համաշխարհային մատակարարումները, իսկ Եվրոպայում առաջիկա ամիսներին հեղուկացված բնական գազի գները կարող են աճել անգամ Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում։
«Սովորաբար եվրոպական երկրները ձմռանն ընդառաջ ունենում են գազի մեծ պաշարներ, սակայն այս տարի դրանք պատմական միջինից զգալիորեն ցածր են»,- նշել է Բիրոլը՝ հավելելով, որ խիստ ձմռան դեպքում գները կարող են ավելի բարձրանալ։
Ներկայում ԵՄ գազի պահեստարանները լցված են մոտ 72 տոկոսով՝ սովորական մոտ 90 տոկոսի փոխարեն։ Ըստ վերլուծաբանների՝ պաշարների պակասը համարժեք է 10-12 միլիոն տնային տնտեսությունների էներգիայի պահանջարկին։
Բիրոլի խոսքով՝ պատերազմից առաջ Եվրոպայի հեղուկացված բնական գազի ներմուծման գրեթե մեկ տասներորդն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Իրավիճակը բարդացնում են նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ խափանումները։ ՄԷԳ ղեկավարը նշել է, որ Մերձավոր Արևելքի երկրներն այժմ ընդլայնում են Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարերը, սակայն այդ քայլերը պետք էր ձեռնարկել ավելի վաղ։
Եվրոպան բախվում է նաև դիզելային վառելիքի պակասի վտանգին։ Բիրոլի գնահատմամբ՝ դրա պատճառներից մեկը Ուկրաինայի հարվածներն են ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Նրա խոսքով՝ ռուսական մատակարարումների մոտ մեկ երրորդը դադարել է։
ՄԷԳ ղեկավարը հիշեցրել է, որ գործակալությունը տարիներ շարունակ նախազգուշացրել է Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներից չափազանց մեծ կախվածության մասին։ Նա նաև նշել է, որ միջուկային էներգիայից վաղաժամ հրաժարումը նվազեցրել է եվրոպական երկրների էներգետիկ ինքնուրույնությունը։
Բիրոլի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը ցույց է տալիս, որ էներգետիկան ավելի ու ավելի է վերածվում աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի։ «Ես երբեք չեմ տեսել, որ աշխարհաքաղաքականությունն այսքան մեծ ազդեցություն ունենա էներգետիկ ոլորտի վրա։ Էներգետիկան այլևս պարզապես բիզնես չէ, այն քաղաքական լծակ է»,- ասել է նա։
Բիրոլը հույս է հայտնել, որ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շուտով կբացվեն՝ նախազգուշացնելով, որ մատակարարման նոր խոշոր խափանումների դեպքում համաշխարհային էներգետիկ շուկան գնային ճնշումները մեղմելու սահմանափակ հնարավորություններ կունենա։








