ՀՀ-ն ու ԱՄՆ-ն պատրաստակամ են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համաձայնագիր ստորագրել: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։
Արարատ Միրզոյանն ու Թոմաս Դինանոն գոհունակությամբ արձանագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով փաստաթղթի ստորագրման և տվյալ ոլորտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստանի և ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։







