Ապրիլի 14-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման մեխանիզմը։ Փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Խոսքը Իտալիա-Իսրայել պաշտպանական համաձայնագրի մասին է, որը նախատեսում էր ավտոմատ երկարաձգում յուրաքանչյուր հինգ տարին մեկ և ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ից։
Ջորջիա Մելոնին նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրավիճակին՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել միջազգային ջանքերը խաղաղ բանակցությունների առաջմղման և տարածաշրջանում կայունության վերականգնման համար, ինչը կարևոր է նաև վառելիքի և պարարտանյութերի մատակարարումների համար առանցքային նշանակություն ունեցող առևտրային ուղիների վերագործարկման տեսանկյունից։
Reuters-ի տվյալներով՝ այս որոշումը կարող է հանգեցնել Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության նվազման, այդ թվում՝ ռազմական վերապատրաստման ոլորտում համագործակցության դադարեցման։ Այս քայլը կարող է դիտվել որպես քաղաքական ազդանշան՝ կապված Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և Իսրայելի գործողությունների շուրջ Իտալիայի ավելի քննադատական դիրքորոշման հետ։








