Ճապոնիան հայտարարել է մահաբեր զենքերի արտահանման արգելքը վերացնելու մասին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի խաղաղասիրական քաղաքականության էական վերանայում է համարվում: Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի ղեկավարած կառավարության որոշմամբ՝ այժմ հնարավոր կդառնա արտահանել տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, հրթիռներ և ռազմանավեր։ Թեև կոնկրետ սպառազինությունների ցանկը դեռ չի հրապարակվել, ճապոնական մամուլը նշել է, որ փոփոխությունները լայն շրջանակ են ընդգրկում։
Տակաիչին «X» սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ նշել է, որ նոր կարգավորումներով «սկզբունքորեն հնարավոր կդառնա պաշտպանական տեխնիկայի բոլոր տեսակների փոխանցումը»։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ զենքի արտահանումը սահմանափակվելու է այն երկրներով, որոնք պարտավորվում են այն օգտագործել ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։
Վարչապետի խոսքով՝ Ճապոնիան կշարունակի սահմանափակել զենքի արտահանումը ակտիվ ռազմական գործողությունների մեջ գտնվող երկրներ, թեև բացառություններ կարող են կիրառվել՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Տեղեկությունների համաձայն՝ առնվազն 17 երկիր կարող է դառնալ ճապոնական զենքի գնորդ։ Այդ երկրների շարքում նշվում են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները և Ինդոնեզիան։
Այս քաղաքական փոփոխությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ճապոնիան և Ավստրալիան ստորագրել են մոտ 7 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր, որով «Mitsubishi Heavy Industries» արդյունաբերական ընկերությունը կկառուցի Ավստրալիայի ռազմածովային ուժերի համար նախատեսված 11 ռազմանավերից առաջին երեքը։
Չինաստանը արդեն արձագանքել է այս զարգացումներին՝ քննադատելով Ճապոնիայի քայլերը և զգուշացնելով «անպատասխանատու ռազմականացման» վտանգի մասին։
Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան ընդունել էր նոր սահմանադրություն, որով հրաժարվում էր պատերազմին մասնակցելու իրավունքից։ Մինչ այս գործող կանոնակարգերը, որոնք ընդունվել էին 1967 թվականին և խստացվել 1976-ին, թույլատրում էին միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկայի արտահանում, օրինակ՝ դիտարկման և ականազերծման սարքավորումներ։








